Իրանի թուլացումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հնարավորություն է տալիս տարածաշրջանում իր ազդեցությունը ընդլայնելու համար։ Նրա նպատակն է արգելափակել Մերձավոր Արևելքում Իսրայելի ինտեգրումը և խաթարել վերջինիս ձևավորվող դաշինքները։ Փորձագետները զգուշացնում են, որ «Թել Ավիվը պետք է պատրաստվի սուննիական առանցքի հետ մրցակցության նոր շրջանին, նվազեցնի ԱՄՆ-ից կախվածությունը և նոր դաշինքներ ձևավորի»։

«Թուրքիան թշնամի պետություն չէ»,- անցյալ շաբաթ օտարերկրյա ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ընդգծել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Այդ դեպքում ինչպիսի՞ պետություն է այն։ Ինչպես գրում է Israel Hayom-ը, իրանական առանցքի թուլացման ֆոնին Իսրայելը ուշադիր հետևում է տարածաշրջանում սուննիական բլոկի վերակազմավորմանը (որը գլխավորում է Թուրքիան՝ Կատարի աջակցությամբ)։

Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելը դիտարկում է որպես տարածաշրջանային տերություն և ակտիվորեն քայլեր է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա նրա վերածումը Արևելքն ու Արևմուտքը կապող խոշոր առևտրային հանգույցի։ Նա նաև Թուրքիայի ազդեցությունն է տարածում Մերձավոր Արևելքի հակամարտության ակտիվ գոտիներում, ապաստան է տրամադրում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին և ձգտում է ամրապնդել Սիրիայում ունեցած դիրքերը։

Սա Մերձավոր Արևելքին բնորոշ ավանդական ընկալմամբ պատերազմ չէ։ Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահի հավակնությունները, հռետորաբանությունը և վերջին գործողությունները Իսրայելին պահում են մշտական լարվածության մեջ։ Իրանական առանցքի թուլացմանը զուգահեռ՝ Իսրայելը ականատես է լինում ուժի նոր-հին տարածաշրջանային կենտրոնի՝ սուննիական բլոկի վերելքին։

Մտահոգություններից մեկն այն է, որ Սաուդյան Արաբիան, հիասթափված լինելով Իրանի դեմ ԱՄՆ-ի (իր գնահատմամբ) սահմանափակ գործողություններից, կարող է ազդեցիկ դեր ստանձնել այս սուննիական դաշինքում։ Դրանով իսկ Էրդողանը կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի՝ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերում և անգամ հետ շրջել արդեն արձանագրված առաջընթացը։

Էրդողանը շահում է Իրանի և պրոիրանական առանցքի թուլացումից։ Միևնույն ժամանակ, նա փորձում է ներկայանալ որպես ակտիվ միջնորդ, որը դեմ է Իրանին հասցվող ԱՄՆ-ի և Իսրայելի նոր հարվածներին։

Իրանն իր հերթին չի պատրաստվում հանձնվել։ Իսրայելը պատրաստվում է հետագա առճակատմանը, որի նպատակն է թուլացնել և ի վերջո տապալել գործող վարչակարգը։

«Միսգավ» ազգային ռազմավարության և սիոնիստական մտքի ինստիտուտի ավագ գիտաշխատող, ինչպես նաև Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի (INSS) ավագ հետազոտող, պրոֆեսոր Կոբի Մայքլը Israel Hayom-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելը հայտնվել է «ռազմավարական անորոշության» վիճակում։

«Իսրայելը հայտնվել է մի իրականության մեջ, որտեղ չի կարողանում իր ռազմական ձեռքբերումները վերածել ռազմավարական արդյունքի, այսինքն՝ տարածաշրջանային նոր ճարտարապետության ձևավորման»,- նշել է Մայքլը։ — «Այս անորոշությունն առաջացել է այն պատճառով, որ ամերիկացիները բանակցությունների մեջ են մտել իրանցիների հետ՝ բոլորովին չհասկանալով իրանական ռեժիմի էությունը։ Ակնհայտ էր, որ կողմերի միջև եղած տարաձայնությունները իրատեսական ճանապարհով հաղթահարելն անհնար է, և որ իրանցիները պարզապես ժամանակ են շահում իրենց ներուժը վերականգնելու համար, քանի որ չեն հրաժարվել ռազմավարական հայեցակարգից և Իսրայելը ոչնչացնելու իրենց նպատակից»։

««Հեզբոլլահը» իրանական առանցքի թանկարժեք քարն է։ Հենց այդ պատճառով իրանցիները պահանջեցին ԱՄՆ-ի հետ կրակի դադարեցումը կապել Լիբանանում կրակի դադարեցման հետ, որպեսզի պահպանեն իրենց գլխավոր ռազմավարական խաղաթուղթը՝ «Հեզբոլլահը»։ Սա նաև ազդանշան է Սիրիայում, Իրաքում, Գազայում և Եմենում գտնվող մյուս բոլոր պրոքսի-ուժերին, որոնք զգալիորեն թուլացել են․ Իրանը կգա նրանց օգնության ճիշտ այնպես, ինչպես օգնում է «Հեզբոլլահին»։ Ուստի արդեն իսկ հստակ նկատվում է մեր շուրջը կրակե օղակը վերականգնելու նրանց ցանկությունը։ Քանի դեռ գոյություն ունի այս վարչակարգը, չկա ոչ մի շանս, որ Իրանը կփոխի իր ուղղությունը»։

Մայքլը համոզված է, որ Իսրայելը պետք է պատրաստ լինի գործողությունների մեկնարկի հրամանին և «Առյուծի մռնչոց» գործողության ուղղակի շարունակությանը, որն ըստ էության այդպես էլ չավարտվեց։ «Առայժմ Իսրայելը պետք է թույլ տա ամերիկացիներին վերահսկել Իրանի հետ կապված իրավիճակը, բայց մենք պետք է պատրաստ լինենք հզոր պատասխան հարված հասցնելու, եթե իրանական վարչակարգը մեզ ներքաշի հակամարտության մեջ և հարձակվի մեր տարածքի վրա»,- նշել է նա։

«Թրամփը կարող է փորձել Իրանի դեմ կոալիցիա ձևավորել Պարսից ծոցի երկրների և, հնարավոր է, ՆԱՏՕ-ի հետ։ Այդ դեպքում նա կարող է Իսրայելից զսպվածություն պահանջել իրանական ապագա հարձակման ժամանակ՝ ինչպես այն ժամանակ, երբ նախագահ Ջորջ Բուշ-ավագը ներկայացրել էր վարչապետ Իցհակ Շամիրին։ Այն ժամանակ Շամիրը համաձայնեց չհարձակվել Իրաքի վրա, երբ Իսրայելի ուղղությամբ «Սկադ» հրթիռներ էին արձակվում։ Այսօր, իմ կարծիքով, Իսրայելը պարտավոր է կոշտ պատասխան տալ հարձակման դեպքում՝ անգամ նախագահ Թրամփի հետ տարաձայնությունների և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ճգնաժամի գնով»։

Պահեստազորի գնդապետ, Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Գաբի Սիբոնին բացատրել է իրանական առանցքի թուլացման և տարածաշրջանում Թուրքիայի աճող ազդեցության միջև կապը․ «Թույլ Իրանը ձեռնտու է Թուրքիային, իսկ ահա վերականգնված Իրանը՝ ոչ։ Հենց այդ պատճառով թուրքերը խանգարեցին քրդական ջոկատները Իրան մտցնելու փորձին, և դա միայն քրդերի հետ սեփական հակամարտության պատճառով չէր»։

«Իրանի թուլացումն ակնհայտ է, և վարչակարգն ապրում է պարտքով,- շարունակել է Սիբոնին։ — Կպահպանվի՞ արդյոք այս միտումը, կախված է ամերիկացիների գործողություններից։ Եթե հարձակողական գործողությունները տարածվեն Իրանի ամբողջ տնտեսական ենթակառուցվածքի վրա, ապա իրանցիներից տասնամյակներ կպահանջվեն վերականգնվելու համար։ Մենք պետք է հիշենք, որ Իրանն ունակ է ևս մեկ դար սնվել միայն հացով՝ շարունակելով հետապնդել հրեական պետության ոչնչացման նպատակը։ Նրանք ամեն ինչ անելու են կրակե օղակը վերաստեղծելու համար։ Նրանք ցանկանում են դա։ Հարցն այն է՝ կլինե՞ն արդյոք հնարավորություններ, թե՞ ոչ»։

Խոսելով Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային տերության վերելքի մասին՝ Սիբոնին նշել է․ «Թուրքիայի և Կատարի գլխավորած արմատական սուննիական շարժումը թափ է հավաքում։ Էրդողանը ցանկանում է ողջ Մերձավոր Արևելքում վերականգնել Օսմանյան իմպերիայի ազդեցությունը։ Նա հսկայական ռազմաբազա է պահում Սոմալիում և փորձում է մարտահրավեր նետել Հնդկաստանից Իսրայելով դեպի աշխարհի մնացած մասն անցնող առևտրային միջանցքին։ Դրա փոխարեն նա ցանկանում է այլընտրանքային երթուղի ստեղծել Թուրքիայի, Պակիuտանի և Սիրիայի տարածքով։ Թուրքիան փորձում է գործել նաև Իսրայելի ներսում, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ՝ ազդեցության արշավների և Երուսաղեմի Սրբազան ավազանում ակտիվության միջոցով։ Նա ֆինանսավորում և մզկիթներ է կառուցում՝ փորձելով վիճարկել իսրայելական ներկայությունը»։

Հետազոտողները պնդում են, որ Իսրայելը պետք է որդեգրի այս մարտահրավերներին, այդ թվում՝ Իրանին, Թուրքիային, նրանց ազդեցության ոլորտներին և անգամ ԱՄՆ վարչակազմին դիմակայելու նոր մոդել։ ԱՄՆ-ից լիակատար կախվածության փոխարեն՝ Իսրայելը պետք է ձգտի առավելագույն պաշտպանական ինքնավարության և լրացուցիչ դաշինքներ ձևավորի տարածաշրջանում։

«Վերջին շրջանում հանդես եմ գալիս ամերիկյան ռազմական աջակցությունից աստիճանաբար հրաժարվելու օգտին, և վարչապետը շարժվում է հենց այդ ուղղությամբ»,- հայտարարել է Սիբոնին։ Նա ընդգծել է, որ Իսրայելի նպատակն է՝ բոլոր ձվերը չդնել մեկ ամերիկյան զամբյուղում։ «Մենք պետք է նաև սկսենք նվազեցնել ամերիկյան ռազմամթերքից կախվածությունը և գործընկերային գործարար հարաբերություններ զարգացնենք այլ երկրների, օրինակ՝ Հարավային Կորեայի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ՝ սեփական պաշտպանական արդյունաբերությունը զարգացնելու համար»,- նշել է նա։

Կոբի Մայքլը նույնպես Իսրայելին կոչ է արել վերակազմակերպել իր տարածաշրջանային և պաշտպանական կապերը․

«Այն ամենում, ինչ վերաբերում է ռազմական ոլորտին, Իսրայելը պետք է նվազեցնի մատակարարումների արտաքին շղթաներից կախվածությունը և ավելացնի ներքին արտադրությունը, որպեսզի կախված չլինի բացառապես ԱՄՆ-ից։ Մենք Բայդենի վարչակազմի օրոք արդեն բախվել ենք մասնակի էմբարգոյի և տեսել ենք դրա ռիսկերը։ Մեզ անհրաժեշտ է զարգացնել այլ երկրների, այդ թվում՝ Սերբիայի, Հունգարիայի և Հնդկաստանի հետ համագործակցությունը, որպեսզի կարողանանք նրանց վրա հենվել ճգնաժամի պահին»։

Անդրադառնալով Էրդողանի վերջին քայլերին՝ Մայքլը նշել է, որ հավանական չի համարում Թուրքիայի կողմից Իսրայելի դեմ ուղղակի պատերազմը։

«Թուրքիան չի ձգտում պատերազմել Իսրայելի դեմ, նա ձգտում է մեկուսացնել և թուլացնել նրան»,- հայտարարել է նա։ — «Թուրքիան՝ որպես ազդեցիկ խաղացող, մտնում է Մերձավոր Արևելքի հակամարտության յուրաքանչյուր գոտի, այդ թվում՝ Լիբանան և Սիրիա։ Նա գործում է Հունաստանի ու Կիպրոսի դիմաց գտնվող բացառիկ տնտեսական գոտիներում և ամրապնդում է Եգիպտոսի ու Պակիuտանի հետ կապերը։ Այս քայլերն ունեն նաև ցուցադրական նշանակություն։ Սուննիական դաշինքի մասնակիցները, ներառյալ Թուրքիան և Պակիստանը, ձգտում են ստեղծել պաշտպանական դաշինք, և չպետք է մոռանալ, որ Պակիստանը միջուկային տերություն է»։

Մայքլը ձևավորվող առանցքը որակել է չափազանց խնդրահարույց․ «Թուրքիան օգտագործում է այս դաշինքը տարածաշրջանային հեգեմոնիա հաստատելու և Իրանի թուլությունից օգտվելու համար։ Ընդ որում, Թրամփն ու Էրդողանը բավականին ջերմ հարաբերություններ ունեն։ Մենք չպետք է մոռանանք նաև, որ Էրդողանի կուսակցությունը «Մուսուլման եղբայրների» գլխավոր հովանավորն է։ Այն թույլ է տալիս ՀԱՄԱՍ-ին գործել Թուրքիայի տարածքից և ահաբեկչական ենթակառուցվածքներ ստեղծել Հուդայում ու Սամարիայում։ Երբ այս բոլոր տարրերը զուգակցվում են Իսրայելին որպես տարածաշրջանային մրցակցի ընկալելու հետ, դրանք վերածվում են կոշտ թշնամանքի՝ թե՛ հռետորաբանության, թե՛ գործերի մեջ։ Սա էապես բարդացնում է Իսրայելի նպատակների իրագործումը»։

Իրանի հետ առճակատմանը պատրաստվելու Իսրայելի ռազմական ջանքերը հասել են գագաթնակետին՝ բոլոր ճակատներում (ներառյալ Լիբանանը, Գազան և Սիրիան) ընթացող ցածր ինտենսիվության պատերազմին զուգահեռ։ Միևնույն ժամանակ, Սիբոնին խորհուրդ է տալիս Թուրքիան նույնպես ներառել Իսրայելի օպերատիվ սցենարներում և ռազմական ներուժն ավելացնելիս հաշվի առնել այդ գործոնը։

«Բանակը պետք է ուժեղացնի Իսրայելի ՌԾՈՒ-ն, քանի որ Թուրքիան տիրապետում է հսկայական ռազմածովային կարողությունների և ցանկության դեպքում կարող է փակել Իսրայելի դեպի ծով ե;քը»,- ամփոփել է Սիբոնին։ — «Բացի այդ, անհրաժեշտ է կասեցնել իսրայելական Zim նավագնացության ընկերության վաճառքը թուրքական ընկերությանը, որը մասնակիորեն պատկանում է Կատարին»։

Երկրի շուրջ տեղի ունեցող բոլոր փոփոխությունների ֆոնին Իսրայելը չպետք է կորցնի գլխավոր նպատակը․ «Մենք չպետք է մոռանանք, որ Իսրայելի առաջնահերթ խնդիրը Իրանում առաքելության ավարտն է՝ ընդհուպ մինչև վարչակարգի փոփոխություն»,- եզրափակել է փորձագետը։

Source: https://news.am/hy/news/1050982