Դաշնային խորհուրդը ուրբաթ անցկացված լիագումար նստաշրջանում հաստատել է Ռուսաստանից հեռացած հեռակա դատապարտված քաղաքական վտարանդիների նկատմամբ սահմանափակիչ միջոցների մասին օրենքը:

Ըստ փաստաթղթի, որը հուլիսի 22-ին միանգամից երկու ընթերցմամբ հավանության էր արժանացրել Պետդուման և որն այժմ կներկայացվի նախագահի ստորագրմանը, Արդարադատության նախարարությունը վարելու է այն անձանց պաշտոնական ցուցակը, որոնք «խուսափում են» «պատժի կրումից» և գտնվում են արտասահմանում:

Դրանում ներառվելու են այն քաղաքացիները, որոնց նկատմամբ դատավճիռներ են կայացվել Քրեական օրենսգրքի ցանկացած հոդվածով, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի քաղաքական հոդվածներով՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքով սահմանված պահանջները չկատարելը, «անցանկալի կազմակերպությունների» գործունեությանը մասնակցելը, զինված ուժերի «վարկաբեկումը», պատժամիջոցներ սահմանելու կամ «ՌԴ տարածքային ամբողջականությունը խախտելու» կոչերը:

Ռուսաստանցիներին «սև ցուցակում» ներառելու իրավունք են ստանում Գլխավոր դատախազը և նրա տեղակալը: Տվյալների բազայից տեղեկությունները փոխանցվելու են ՆԳՆ, Անվտանգության դաշնային ծառայություն, Պատիժների կատարման դաշնային ծառայություն, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, Դաշնային հարկային ծառայություն, Ռոսրեեստր, ՌԴ Կենտրոնական բանկ և այլ գերատեսչություններ՝ սահմանափակումներ մտցնելու համար:

Ցանկում հայտնված ՌԴ քաղաքացիները ստանում են հեռավար բանկային ծառայությունների լիակատար արգելք. նրանց լիովին մերժվելու են էլեկտրոնային եղանակով պետական և մունիցիպալ ծառայությունների մատուցումը («Госуслуги»): Արգելափակվում են նրանց գործարքները անշարժ գույքի հետ, սառեցվում են դրամական միջոցներն ու գույքը:

Ավելին, գրեթե արգելք է դրվում արտասահմանում հյուպատոսական ծառայությունների վրա: Ամբողջ աշխարհում ՌԴ դեսպանատներն ու հյուպատոսությունները, օրենքի համաձայն, «սև ցուցակում» ընդգրկվածներին այլևս չեն տրամադրի նոր անձնագրեր, ինչպես նաև այլ փաստաթղթեր, բացի անձի ողջ լինելու մասին տեղեկանքից: Միաժամանակ արգելք է մտցվում որպես ԱՁ և ինքնազբաղված գրանցվելու, բյուջեից ցանկացած վճարումներ ստանալու, վարկեր և փոխառություններ ստանալու, ինչպես նաև լիազորագրով անձի անունից ցանկացած գործողություն կատարելու վրա:

Օրենքում սահմանափակումների մասշտաբն այնպիսին է, որ «դա նման է քաղաքացիությունից փաստացի զրկմանը», ավելի վաղ գրում էին «Первый отдел»-ի փորձագետները. «Պետությունը պահպանում է անձի նկատմամբ իրավազորությունը և վերահսկողությունը, շարունակում է պահանջել պատժի կրում, սակայն չի տրամադրում այն իրավունքների էական մասը, որոնք սովորաբար կապված են քաղաքացիության հետ»:

Քաղաքական մոտիվներով հեռացած և «խուսափող» ճանաչված մարդը ստանում է ներքուստ «չեղարկված քաղաքացու» կարգավիճակ, ընդգծում էր «Պերվի օտդել»-ը. «Այն ամենը, ինչ կապված է ՌԴ-ի հետ (գույք, հաշիվներ, բիզնես, հյուպատոսական ծառայություններ), կարող է օգտագործվել նրա դեմ, իսկ ինքը գրեթե զրկված է դա գոնե ինչ-որ կերպ իր օգտին օգտագործելու հնարավորությունից»:

Source: https://news.am/hy/news/1051620