Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:

Ըստ փաստաթղթի՝ երեխաներին հնարավոր է արգելվի հրապարակել բովանդակություն, մեկնաբանել ուրիշների հրապարակումները, արձագանքներ թողնել և մասնակցել ուղիղ եթերներին: Դիտվող բովանդակության նկատմամբ վերահսկողությունը նախատեսվում է դնել ծնողների կամ օրինական խնամակալների վրա, որոնց տվյալները անհրաժեշտ կլինի մուտքագրել սոցցանցերում անչափահասի հաշիվը գրանցելիս:

Բացի դրանից, նախատեսվում է հարթակներին պարտավորեցնել ներդնել տեխնիկական լուծումներ՝ օգտատերերի տարիքը որոշելու համար, ինչպես նաև երեխաների անձնական տվյալների պաշտպանության մեխանիզմներ: Սոցցանցերի սեփականատերերից կպահանջվի նաև օպերատիվորեն հայտնաբերել և արգելափակել պոռնոգրաֆիայի, թմրանյութերի, բռնության, մոլախաղերի և այլ հնարավոր վտանգավոր թեմաներին առնչվող բովանդակության հասանելիությունը, հետևում է հրամանագրի նախագծից:

Source: https://news.am/hy/news/1051623