Հռոմի ստատուտի մասնակից երկրների Վեհաժողովը Նյու Յորքում անցկացված հատուկ նստաշրջանի ընթացքում պաշտոնանկ է արել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանին, որը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ: Դրա մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական երկու աղբյուրների:
Նրանց տեղեկություններով՝ քվեարկության ընթացքում դատախազի ազատման օգտին է արտահայտվել Միջազգային քրեական դատարանի անդամ 125 երկրներից 82-ը:
Հունիսի 9-ին Վեհաժողովի Բյուրոն կարգապահական վարույթը փոխանցել էր ատյանի վերահսկող մարմնի քննությանը և որոշել էր սեղմ ժամկետներում նստաշրջան հրավիրել՝ դատախազի պաշտոնանկության հարցը քննարկելու համար: 2025 թվականի մայիսին հայտնի էր դարձել, որ Խանը գնում է վարչական արձակուրդ և չի իրականացնի իր պարտականությունները սեռական ոտնձգությունների մեղադրանքով հետաքննության ընթացքում, որոնք ներկայացվել էին 2024 թվականի հոկտեմբերին: 2026 թվականի օգոստոսին The Guardian պարբերականը հայտնել էր, որ ևս մեկ կին ՄՔԴ-ին ծանուցել է Խանի կողմից ենթադրյալ սեռական հանցագործությունների դեպքերի մասին, որոնք թվագրվում են 2009 թվականով: Այն ժամանակ կինը 20-ն անց էր և Խանի գրասենյակում փորձնակ էր աշխատում. Քարիմ Խանն այդ տարիներին Հաագայի Միջազգային քրեական դատարանում և այլ տրիբունալներում պաշտպանության առաջատար ներկայացուցիչն էր:
Source: https://news.am/hy/news/1051618