Չեխիան Չեռնոգորիային 24,2 միլիոն եվրոյի տարբեր տեսակի սպառազինություն կմատակարարի, ուրբաթ Պրահայում չեռնոգորացի իր պաշտոնակից Միլոյկո Սպայիչի հետ բանակցություններից հետո անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Չեխիայի կառավարության ղեկավար Անդրեյ Բաբիշը:
«Այսօր Չեխիայի և Չեռնոգորիայի պաշտպանության նախարարները Սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրել: Դրա շրջանակում Չեխիան Չեռնոգորիային կմատակարարի ընդհանուր առմամբ 24,2 միլիոն եվրոյի տարբեր տեսակի սպառազինություն և ռազմամթերք», — ասել է Բաբիշը, նրա խոսքերը մեջբերում է ČTK գործակալությունը:
Ինչպես վարչապետների մամուլի ասուլիսից հետո հստակեցրել է Colt CZ ընկերությունների խմբի ներկայացուցիչը, ուրբաթ ստորագրված համաձայնագրին համապատասխան՝ Colt-ը չեռնոգորական զինված ուժերին կմատակարարի CZ BREN 3 հրացաններ, ատրճանակներ, դիպուկահար հրացաններ, ատրճանակ-գնդացիրներ, հարակից պարագաներ և տարբեր տեսակի փոքր տրամաչափի ռազմամթերք:
«Մենք սա դիտարկում ենք որպես մեր արտադրանքի որակի և չեխական պաշտպանական արդյունաբերության նկատմամբ վստահության հաստատում»,- հայտարարել է Colt CZ ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Ռադեկ Մուսիլը:
Բաբիշը միաժամանակ աջակցել է Չեռնոգորիայի ինտեգրմանը Եվրամիությանը, որը, ենթադրվում է, որ պետք է տեղի ունենա 2028 թվականին:
«Մենք աջակցում ենք Չեռնոգորիայի ջանքերին և ամեն կերպ օգնում ենք նրան ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստման հարցում: Դրա համար նրա մոտ ստեղծված են բոլոր պայմանները, նա արդեն գտնվում է եվրոյի գոտում»,- ասել է Բաբիշը: Նա միաժամանակ բարձր է գնահատել մինչև այս տարվա վերջ Պրահայում իր դեսպանատունը բացելու վերաբերյալ Չեռնոգորիայի որոշումը: Ներկայում նրա շահերը Չեխիայում ներկայացնում է Վիեննայում գտնվող դիվանագիտական առաքելությունը:
Source: https://news.am/hy/news/1051619