Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը:
«Սառա Ֆերգյուսոնի հիմնադրած բարեգործական կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը՝ նախկին դքսուհու և Էպշտեյնի էլեկտրոնային նամակագրության հրապարակումից հետո»,- ասվում է հրապարակման մեջ:
Պարբերականի տվյալներով՝ հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
Դեռևս փետրվարին կազմակերպությունը հայտարարել էր աշխատանքների անորոշ ժամկետով կասեցման մասին: Դա տեղի էր ունեցել այն նյութերի հրապարակումից կարճ ժամանակ անց, որոնցում բացահայտվում էին Ֆերգյուսոնի և Էպշտեյնի շփման մանրամասները:
Նշվում էր, որ Էպշտեյնի գործով ԱՄՆ արդարադատության նախարարության փաստաթղթերում առկա են Սառա Ֆերգյուսոնի էլեկտրոնային նամակները՝ թվագրված 2009 թվականով: Նամակագրության մեջ նա պատմում էր լուրջ ֆինանսական դժվարությունների մասին և խնդրում ֆինանսիստին խորհուրդ տալ, թե ինչպես հաղթահարել 6 միլիոն ֆունտ ստեռլինգի չափով պարտքը:
Այն ժամանակ Էպշտեյնն արդեն անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների գործով կալանքի տակ էր:
Սառա Ֆերգյուսոնն արքայազն Էնդրյուի հետ ամուսնացել է 1986 թվականին: 1996 թվականին ամուսնալուծությունից հետո նա պահպանել էր Յորքի դքսուհու տիտղոսը, սակայն 2025 թվականի հոկտեմբերին հրաժարվել էր դրա օգտագործումից:
Ինքը՝ արքայազն Էնդրյուն, արդեն մի քանի տարի է, ինչ հանրային ուշադրության կենտրոնում է՝ Ջեֆրի Էպշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով: 2025 թվականի դեկտեմբերին Չարլզ III թագավորը եղբորը զրկեց բոլոր պատվավոր տիտղոսներից:
Սառա Քելլենը, որը հայտարարում է տարիներ շարունակ Էպշտեյնի ենթարկած սեռական և հոգեբանական բռնությունների մասին, հունիսի 9-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության կոմիտեի անդամներին պատմել է Մեծ Բրիտանիայի թագավորական նստավայրեր այցելությունների և Բուքինգհեմյան պալատում Էնդրյուի անձնական բնակարաններում ընթրիքի մասին: Կինը պատմել է նաև Էպշտեյնի և նրա զինակից Գիլեյն Մաքսվելի մոտ աշխատելու իր փորձի մասին:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը փետրվարին ձերբակալել էր Էնդրյուին ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործով և պետական պաշտոնում ոչ պատշաճ վարքագծի կասկածանքով: Ավելի ուշ նշվում էր, որ նախկին արքայազնին հնարավոր է ցմահ ազատազրկում սպառնա: Մեծ Բրիտանիայի առևտրային բանագնացի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Էնդրյուն, ըստ ամենայնի, գաղտնի տեղեկություններ է փոխանցել Էպշտեյնին:
Source: https://news.am/hy/news/1051621