Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են գնահատում առաջին ժամադրության ժամանակ զրույցի համար ընդունելի թեմաները, վկայում է Twinby ժամադրությունների ծառայության հետազոտությունը։

Մեծամասնության համար (61,5 տոկոս) անկեղծության հիմնական պայմանը երկխոսության բնական զարգացումն է։ Ընդ որում, ավելի քան 80 տոկոսը նախընտրում է ծանոթությունը սկսել չեզոք հարցերից։

Տղամարդկանց 35 տոկոսը պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 տոկոս են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 տոկոսը, ապագայի ծրագրերը՝ 61,7 տոկոսը։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 տոկոս՝ 34,2 տոկոսի դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։

Հարաբերությունների զարգացման հետ առաջնահերթությունները փոխվում են։ «Հասուն» զույգերում գլխավոր թեման դառնում է սեռական կյանքը (57,8 տոկոս), երկրորդ տեղում ընտանիքին վերաբերող հարցերն են (54,8 տոկոս), երրորդում՝ կյանքի սխալները (41 տոկոս)։ Կայուն հարաբերություններում վերացական թեմաները կորցնում են արդիականությունը․ դրանք պատրաստ է քննարկել միայն 24,5 տոկոսը։

Գլխավոր ազդանշանները, որոնք վանում են՝ արժեքների կտրուկ անհամապատասխանությունը (62,3 տոկոս), ուրիշների մասին բացասական արտահայտությունները (50,7 տոկոս) և ինքնագովազդը (48,7 տոկոս)։ Կանայք տղամարդկանցից շատ ավելի հաճախ են ուշադրություն դարձնում այլ մարդկանց հասցեին ուղղված բացասականությանը (63,3 տոկոս՝ 37,2 տոկոսի դիմաց)։

Տագնապալի ազդանշաններ նկատելու դեպքում ռուսաստանցիների ավելի քան 60 տոկոսը կփորձի հասկանալ իրավիճակը, և միայն 15,2 տոկոսը որոշում կընդունի բաժանվելու մասին։

Հարցվածների մոտ մեկ երրորդը (31,8 տոկոս) խոստովանել է, որ իրենց համար արգելված թեմաներ չկան, բայց գրեթե կեսը (48,5 տոկոս) երբեք չի պատմի զուգընկերոջը իր անձնական գաղտնիքները։ Անցյալի տրավմատիկ պատմությունները պատրաստ է թաքցնել 24,5 տոկոսը, իսկ արարքները, որոնց համար զղջում են՝ 21,4 տոկոսը։

«Առաջին ժամադրությունների ժամանակ մարդիկ փնտրում են հավասարակշռություն անկեղծության և անվտանգության միջև, իսկ հասուն հարաբերություններում՝ խորություն և վստահություն», — նշել են փորձագետները։

Source: https://news.am/hy/news/1051499