Չինաստանի և Ուզբեկստանի հնագետները Սապալի բնակավայրի տարածքում հայտնաբերել են թթի շերամի բոժոժներ և թթենու հատվածներ, գրել է Science Advances ամսագիրը։

Նշվել է, որ գտածոների տարիքը կազմում է 3,7–3,9 հազար տարի, ինչը հաջողվել է պարզել ռադիոածխածնային վերլուծության միջոցով։ Սա վկայում է այն մասին, որ Միջին Ասիայում թթենու շերամ սկսել են բուծել Մետաքսի ճանապարհի ի հայտ գալուց մոտ 2 հազար տարի առաջ։

«Համարվում է, որ մետաքսի արտադրության արվեստն առաջին անգամ առաջացել է Չինաստանի տարածքում, որտեղից շերամի որդի բուծումը տարածվել է Մետաքսի ճանապարհով՝ այդ երթուղու հայտնվելուց հետո՝ մոտ 2 հազար տարի առաջ։ Մենք հայտնաբերել ենք, որ այս ավանդույթները ձևավորվել են Ամուդարյայի ավազանում Մետաքսի ճանապարհի հայտնվելուց գրեթե 2 հազար տարի առաջ», — նշվել է հրապարակման մեջ։

Ինչպես գրել են հոդվածի հեղինակները, բացահայտումը կատարել է ուզբեկ և չինացի հնագետների խումբը՝ Չինաստանի ԳԱ պալեոանթրոպոլոգիայի և ողնաշարավոր կենդանիների պալեոնթոլոգիայի ինստիտուտի (Պեկին) պրոֆեսոր Չժոու Սինյինի ղեկավարությամբ։ Ժամանակակից Ուզբեկստանի հարավում՝ Սապալիի շրջանում, բրոնզի դարի հին երկրագործների բնակավայրը հայտնաբերվել էր 1960-ականների վերջին, խորհրդային գիտնականների կողմից։

Հուլիսի 13-ին CBS News-ը, վկայակոչելով Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությանը, հայտնել էր, որ հնագետները եգիպտական Լուքսոր քաղաքից ոչ հեռու հայտնաբերել են 3000 տարվա հնության դամբարան։

Գերատեսչության տվյալներով՝ գերեզմանը պատկանել է Պասեր անունով մի մարդու։ Այն Շեյխ Աբդ էլ-Կուրնայի նեկրոպոլիսում՝ Լուքսորի արևմտյան ափին, հայտնաբերել են Լեյդենի համալսարանի հոլանդացի հնագետները։

Source: https://news.am/hy/news/1051485