Իրանի և Չինաստանի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Վան Ին հանդիպել են Ղրղզստանում անցկացվող ՇՀԿ նախարարական նիստի շրջանակում, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերը, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները, ինչպես նաև մտքեր են փոխանակել ՇՀԿ օրակարգային թեմաների շուրջ։
Նախարարներն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր հարցերում երկու երկրների ղեկավարների ջանքերը։ Կողմերը կարևորել են նաև ձեռք բերված համաձայնությունների լիարժեք իրագործումն ու երկկողմ ու բազմակողմ կապերն ընդլայնելու համար ՇՀԿ-ի և BRICS-ի ներուժի օգտագործումը։
Իրանի արտգործնախարարը դատապարտել է «ԱՄՆ-ի իրականացրած ռազմական հանցագործություններն ու երկրի կենսական նշանակության ենթակառուցվածքներին հասցված հարվածները»՝ ընդգծելով, որ Հորմուզի նեղուցում և ողջ տարածաշրջանում տիրող անկայունությունը Վաշինգտոնի կողմից Իսլամաբադի համաձայնագրի խախտման անմիջական հետևանքն է։
Չինաստանի արտգործնախարարն իր հերթին նշել է, որ Արևմտյան Ասիայում խաղաղության ու կայունության վերականգնումն անհնար է առանց տարածաշրջանի երկրների միջև վստահության և համագործակցության խորացման՝ հավաստիացնելով, որ Պեկինը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։
Source: https://news.am/hy/news/1051632