Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 28-ին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին AFP գործակալությանը անանունության պայմանով հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։ Կողմերը քննարկել են արդեն չորս տարի շարունակվող պատերազմի դադարեցման շուրջ «փակուղի» մտած բանակցությունները վերսկսելու հնարավորությունը, հայտնում է Euronews-ը։

Ուկրաինայի նախագահն այդ զրույցն անվանել է «կարևոր քննարկում այն մասին, թե ինչպես ակտիվացնել դիվանագիտությունը և մոտեցնել խաղաղությունը»։

Խաղաղ գործընթացը կանգ էր առել մի քանի ամիս առաջ, երբ Վաշինգտոնն իր ուշադրությունը սևեռել էր Իրանի հետ հակամարտության վրա։ Բացի այդ, Թրամփի և Զելենսկու հարաբերությունները միշտ էլ լարված են եղել․ բավական է հիշել թեկուզ 2025 թվականի փետրվարին Օվալաձև աշխատասենյակում նրանց միջև բռնկված թեժ վեճը։

Source: https://news.am/hy/news/1051639