Այս գիշեր մեր զորքերը օբյեկտներ են թիրախավորել Ռուսաստանի տարբեր մարզերում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ ՎոլոդիմիրԶելենսկին։
«Հարվածներ են հասցվել Կիրովի ձեռնարկությանը, որտեղից մատակարարվում են այն միջոցների բաղադրիչները, որոնցով Ռուսաստանը հարվածում է մեր մարդկանց։ Ուկրաինայի պետական սահմանից հեռավորությունը մոտ 1200 կիլոմետր է։
Հարվածներ են հասցվել նաև Տյումենի նավթավերամշակման գործարանին, Եկատերինբուրգի լոգիստիկ օբյեկտին և Ռոստովի վառելիքաքսուքային նյութերի պահեստին։
Շատ լավ արդյունքներ կան նաև Կասպից ծովի ջրծածկույթում հասցված հեռահար հարվածներից: Մասնավորապես, հարվածներ են հասցվել Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական բեռների փոխադրմանը ներգրավված նավերին, ինչպես նաև ռազմական նավի», — նշել է նա։
Ինչպես հայտնում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, հարվածի տակ են հայտնվել «Մոլնիա» հրթիռային մոտորանավակը, Իրանի և ՌԴ-ի միջև ռազմական բեռներ փոխադրող երկու բեռնատար նավ (Port Olya 2 և Begey), ինչպես նաև Ֆիլանովսկու հանքավայրի նավթարդյունահանող հարթակը, փոխանցում է «ՈւՆԻԱՆ»-ը:
Բացի այդ, Ռոստովում խոցվել են Ս-400 համակարգի ռադիոտեղորոգման կայան, «Տոր-Մ2» զենիթահրթիռային համալիր, «Պոլե-21» էլեկտրոնային պայքարի համալիր և FPV անօդաչուների պահեստներ:
Source: https://news.am/hy/news/1051675