ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ապաստան տրամադրելու միջնորդությունների քննարկման նոր կանոններ է սահմանել, որոնք, իշխանությունների գնահատմամբ, թույլ կտան արագացնել հարյուր հազարավոր ներգաղթյալների արտաքսումը և կրճատել չքննված գործերի կուտակված ծավալը, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։

Ինչպես հայտնել են ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունում (DHS), այժմ ապաստանի տրամադրման դիմումների մի մասն անմիջապես կփոխանցվի Արդարադատության նախարարության ներգաղթի հարցերով դատավորներին՝ առանց ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայության (USCIS) աշխատակիցների հետ նախնական հարցազրույցի։

Գերատեսչությունում հայտարարել են, որ գործող համակարգը փաստացի ներգաղթյալներին ապաստան ստանալու «երկրորդ հնարավորություն» էր ընձեռում։ Իշխանությունների կարծիքով՝ նոր ընթացակարգը հնարավորություն կտա կրճատել գործերի քննության ժամկետները ինչպես USCIS-ի աշխատակիցների, այնպես էլ ներգաղթի հարցերով դատավորների կողմից։

DHS-ի տվյալներով՝ փոփոխությունները կարող են ազդել մինչև 444 հազար 724 գործի վրա, ինչը կազմում է ապաստան տրամադրելու վերաբերյալ 1,43 միլիոն չքննված դիմումների ընդհանուր թվի մոտ 31%-ը։

«Ապաստանի տրամադրման համակարգը նախատեսված է այն մարդկանց պաշտպանության համար, որոնք իսկապես վախենում են հետապնդումներից, այլ ոչ թե նրանց, ովքեր այն օգտագործում են որպես արտաքսումը ձգձգելու կամ աշխատանքի թույլտվություն ստանալու միջոց»,- հայտարարել է USCIS-ի ղեկավար Ջոզեֆ Էդլոուն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վերադառնալով Սպիտակ տուն, շարունակում է իրագործել անօրինական միգրացիայի դեմ պայքարը խստացնելու, արտաքսումներն արագացնելու և սահմանի ապօրինի հատումների թիվը կրճատելու իր նախընտրական խոստումը։

Source: https://news.am/hy/news/1052155