Եվրամիությունը կշարունակի ուշացումով հրապարակել Մերձավոր Արևելքի այն շրջանների արբանյակային լուսանկարները, որոնք կապված են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հետ, «այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ կլինի», հայտնում է Euractiv-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի աղբյուրին։
Խոսքը Երկրի դիտարկման եվրոպական Copernicus ծրագրի Sentinel-1 և Sentinel-2 արբանյակներով ստացված պատկերների հրապարակման 24-ժամյա ուշացման մասին է։ Ինչպես պարզաբանել են Եվրահանձնաժողովում, համապատասխան որոշումը հուլիսի 13-ին հաստատել են ԵՄ բոլոր 27 երկրների արտգործնախարարները։
Ըստ հանձնաժողովի ներկայացուցչի՝ միջոցը մտցվել է անվտանգության հնարավոր ռիսկերը նվազեցնելու նպատակով՝ «Մերձավոր Արևելքում պատերազմի և եվրոպական շահերին սպառնացող հնարավոր վտանգների լույսի ներքո»։
Սովորական ռեժիմով Copernicus արբանյակների տվյալները հրապարակվում են բաց հասանելիությամբ ստացումից գրեթե անմիջապես հետո, սակայն այժմ Մերձավոր Արևելքի առանձին շրջանների լուսանկարները հասանելի են դառնում միայն մեկ օր անց։
SpaceNews պարբերականի տվյալներով՝ նախաձեռնությունն ընդունվել է մայիսին ուղարկված ԱՄՆ դիվանագիտական հարցումից հետո։ ԵՄ Խորհրդում նույնպես հաստատել են, որ որոշումը կապված է բուն արբանյակային պատկերների տարածման հապաղման հետ։
Ընդ որում՝ ո՛չ Եվրահանձնաժողովը, ո՛չ ԵՄ տիեզերական ծրագրի գործակալությունը չեն հստակեցրել՝արդյոք նման միջոց կիրառվե՞լ է նախկինում։ Հրապարակումը հետաձգելու մասին որոշումը Եվրամիության պաշտոնական հանդեսում առայժմ չի հրապարակվել։
Source: https://news.am/hy/news/1052164