Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ իր ՀՕՊ համակարգերը երեքշաբթի երեկոյան որսացել և ոչնչացրել են մի քանի անօդաչու թռչող սարք, որոնք արձակել են Իրաքի տարածքից «Իրանի աջակցութունը վայելող զինված խմբավորումները», հայտնում է Al Arabiya-ն։

Թագավորության Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Թուրքի ալ-Մալիքին հայտնել է, որ անօդաչուները փորձել են գրոհել երկրի Արևելյան նահանգում գտնվող նավթային օբյեկտները։

Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան իրեն է վերապահում «իր տարածքների և ազգային կարողությունների պաշտպանության օրինական իրավունքը», ինչպես նաև հարձակմանը «հարմար ժամանակ և հարմար վայրում» արձագանքելու իրավունքը։

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի աջակցութունը վայելող խմբավորումների գործողությունները՝ դրանք անվանելով նոր հարձակումներ թագավորության էներգետիկ ենթակառուցվածքների վրա։

Միջադեպը տեղի է ունեցել Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդիի՝ Սաուդյան Արաբիա սպասվող այցի նախօրեին։ Մեկ օր առաջ անօդաչուների նմանատիպ հարձակում էր նաև իրականացվել նույն տարածաշրջանի օբյեկտների դեմ, ինչից հետո Էր Ռիադը Բաղդադին կոչ էր արել թույլ չտալ Իրաքի տարածքի օգտագործումը հարձակումների համար։

Իրաքի վարչապետ Մոհամմեդ Ալի ալ-Զաիդին հանձնարարել է հետաքննություն անցկացնել առաջին հարձակման կապակցությամբ և հայտարարել, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Նրա գրասենյակում հայտնել են, որ Իրաքն ուսումնասիրում է Սաուդյան Արաբիայի տրամադրած տվյալները և մտադիր է իրավական միջոցներ ձեռնարկել բոլոր ներգրավվածների դեմ, եթե նրանց մեղքը հաստատվի։

Source: https://news.am/hy/news/1052175