Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդես է եկել 2028-2034 թվականների Եվրամիության բյուջեի զգալի կրճատման օգտին՝ հայտարարելով, որ ֆինանսական ծրագրի ներկայիս նախագիծը չափազանց մասշտաբային է։ Դրա մասին նա հայտնել է երեքշաբթի՝ հուլիսի 28-ին, Իռլանդիա կատարած այցի ժամանակ, հաղորդում է Deutsche Welle-ն։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովն առաջարկել էր ԵՄ յոթնամյա բյուջեն՝ մոտ 1,76 տրիլիոն եվրո ծավալով։ Նախատեսվում է միջոցներն ուղղել համաեվրոպական ծրագրերին, ներառյալ պաշտպանական գնումները, գյուղատնտեսության աջակցությունը, տարածաշրջանային զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը և Erasmus ուսանողական փոխանակման ծրագիրը։

Մերցը բյուջեի ծրագրված ավելացումն «անընդունելի» է անվանել և Բրյուսելին կոչ է արել մի քանի հարյուր միլիարդ եվրոյով «կրճատումներ իրականացնել բոլոր ոլորտներում»։

Ըստ նրա՝ Եվրահանձնաժողովի ներկայացրած պարամետրերը «հավասարակշռված չեն», իսկ ապագա ֆինանսական ծրագիրը պետք է ընդունելի մնա Գերմանիայի՝ որպես ԵՄ բյուջեի խոշորագույն ներդնողի համար։

Նոր բյուջեի շուրջ բանակցությունները դեռևս Եվրամիության ամենաբարդ թեմաներից մեկն են։ Ֆինանսական ծրագիրը հաստատվում է յոթ տարով, և այժմ Եվրահանձնաժողովն այն քննարկում է 27 անդամ պետությունների հետ։

Բյուջեի հիմնական մասը ձևավորվում է ԵՄ երկրների վճարների հաշվին, որոնք հաշվարկվում են՝ ելնելով նրանց համախառն ազգային եկամտից։ Բացի Գերմանիայից, ծախսերի կրճատման օգտին են հանդես գալիս նաև այլ դոնոր պետություններ՝ Նիդեռլանդները, Շվեդիան և Դանիան, որոնք ընդհանուր բյուջե ավելի շատ միջոցներ են փոխանցում, քան ստանում են այնտեղից։

Իռլանդիան, որը 2026 թվականի հուլիսից նախագահում է ԵՄ Խորհրդում, պատասխանատու է բյուջեի շուրջ բանակցությունների առաջմղման համար։ Դուբլինը նախատեսում է ֆինանսական ծրագրի փոխզիջումային տարբերակը ներկայացնել հոկտեմբերին։ Սակայն, dpa գործակալության տվյալներով, մինչև տարեվերջ համաձայնության հասնելը բարդ կլինի՝ անդամ երկրների միջև առկա լուրջ տարաձայնությունների պատճառով։

Իռլանդիա կատարած այցի ժամանակ Մերցը միաժամանակ շնորհակալություն է հայտնել վարչապետ Միհոլ Մարտինին՝ այս հարցի լուծման որոնումներին մասնակցելու համար։

Source: https://news.am/hy/news/1052169