Ֆլորիդայում երեքշաբթի գրեթե մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ մեկ օրում երկու մահապատիժ է իրականացվել, հայտնում է Associated Press-ը։
Առաջինն ի կատար է ածվել նախկին ոստիկան Ջեյմս Արեն Դաքեթի մահավճիռը, որը դատապարտվել էր 1987 թվականին 11-ամյա Թերեզա Մաքբիի բռնաբարության և սպանության համար։
68-ամյա Դաքեթին մահացու ներարկում են արել Ֆլորիդայի նահանգային բանտում։ Մահապատժից առաջ նա հրաժարվել է վերջին խոսքից։ Զոհված աղջկա հարազատները հայտարարել են, որ տասնամյակներ շարունակ սպասել են այս օրվան։
«Ես գրեթե 40 տարի սպասել եմ, որ նա մահանա»,- ասել է զոհի մայրը՝ Դորոթի Թուլան։
Ավելի ուշ՝ երեքշաբթի, Ֆլորիդայի իշխանությունները ծրագրում էին ի կատար ածել երկրորդ մահավճիռը՝ 1986 թվականին իր նախկին ընկերուհու ծնողների սպանության համար դատապարտված 80-ամյա Դոմինիկ Էնթոնի Օքիքոնեի նկատմամբ։ Մահապատժի ենթարկվելու դեպքում նա պետք է դառնար ԱՄՆ նորագույն պատմության մեջ մահապատժի ենթարկված երկրորդ ամենատարեց մարդը։
Վերջին անգամ ԱՄՆ-ում մեկ օրում երկու մահապատիժ ի կատար է ածվել 2017 թվականին, երբ երկու մահապատիժ իրականացվեց Արկանզասում։
Ֆլորիդան վերջին մեկուկես տարվա ընթացքում կտրուկ ավելացրել է մահապատիժների թիվը։ 2025 թվականի սկզբից նահանգն ի կատար է ածել 30 մահապատիժ՝ ավելի շատ, քան նույն ժամանակահատվածում ամերիկյան մնացած բոլոր նահանգները միասին վերցրած։ Հանրապետական նահանգապետ Ռոն Դեսանտիսը, որը կլքի պաշտոնը հունվարին, ստորագրել է ավելի շատ մահավճիռներ, քան Ֆլորիդայի ցանկացած այլ նահանգապետ՝ 1976 թվականին ԱՄՆ-ում մահապատժի վերականգնումից ի վեր։
Մահապատժի վերացման կողմնակիցները քննադատել են իշխանությունների գործողությունները՝ մեկ օրում երկու մահապատժի իրականացումն անվանելով պատժի առավելագույն չափի կիրառման «աննախադեպ ուժեղացում»։ Դեսանտիսի վարչակազմում հայտարարում են, որ մահապատիժների արագացումը կապված է զոհերի ընտանիքների համար արդարության հասնելու ցանկության հետ, որոնք տասնամյակներ շարունակ սպասել են դատավճիռների ի կատար ածմանը։
Source: https://news.am/hy/news/1052165