Իրաքը կարող է ավելացնել Թուրքիա նավթի մատակարարումները մինչև օրական 1 միլիոն բարել։ Դրա մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո, հայտնում է Anadolu-ն։

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը պարզաբանել է, որ իրաքյան կողմը դիտարկում է նման ծավալով նավթ մատակարարելու հնարավորությունը, ինչին ալ-Զաիդին հաստատել է.

Իրաքի վարչապետը նշել է, որ իր առաջին պաշտոնական այցը Թուրքիա նպատակ ունի ամրապնդել երկկողմ հարաբերությունները, ներառյալ համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, կրթության, ջրային ռեսուրսների ոլորտում և «Զարգացման ճանապարհ» նախագծի իրականացման հարցում։ Այն մասշտաբային տրանսպորտային միջանցք է, որը Պարսից ծոցի երկրները Իրաքի տարածքով պետք է կապի համաշխարհային շուկաներին։

«Մեր այցը սոսկ արարողակարգային միջոցառում չէ, այլ դարերի պատմություն ունեցող հարաբերությունների ամրապնդման վկայություն»,- հայտարարել է ալ-Զաիդին։

Նա «Զարգացման ճանապարհ» նախագիծն անվանել է երկու երկրների տնտեսական գործընկերության խորհրդանիշ՝ այն համեմատելով «երրորդ գետի» հետ, որը պետք է լրացնի Իրաքի երկու գլխավոր գետերին՝ Տիգրիսին և Եփրատին։

«Աշխարհագրությունը մեզ երկու գետ է նվիրել։ Այժմ մենք ուզում ենք երրորդը՝ տնտեսության գետը, և այդ գետը, իհարկե, «Զարգացման ճանապարհն» է»,- ասել է իրաքցի վարչապետը։

Source: https://news.am/hy/news/1052167