Չինաստանի և Հնդկաստանի համար սաուդյան նավթով բեռնված երկու նավթատար լցանավեր հետ են շրջվել Կարմիր ծովում և ուղղություն վերցրել դեպի Սուեզի ջրանցք՝ եմենցի հուսիների նախազգուշացումից հետո, հայտնում է Al Jazeera-ն:
Երկուշաբթի հութիները Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում են հայտարարել: Դա նոր հնարավոր ճակատ է ստեղծում Միացյալ Նահանգների դեմ՝ Իրանի հետ նրանց պատերազմում, ինչպես նաև մեծացնում է սպառնալիքը էներգակիրների համաշխարհային մատակարարումների և Պարսից ծոցից դուրս առևտրի համար:
Նավագնացության ընկերություններին ուղարկված էլեկտրոնային նամակներում խմբավորումը նրանց կոչ է արել չբարձրացնել և չբեռնաթափել ապրանքներ Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում՝ նախազգուշացնելով, որ նման գործողությունները կարող են հանգեցնել հարվածների «ցանկացած կետում»:
Հութիները վերահսկում են Եմենի հյուսիսային մասը, ներառյալ Կարմիր ծովի մուտքի մոտ գտնվող Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ափամերձ գոտին: Կարմիր ծովում գտնվող սաուդյան Յանբու նավահանգիստը ծառայում էր որպես հիմնական շրջանցիկ երթուղի մերձավորարևելյան նավթի միլիոնավոր մատակարարումների համար՝ շրջանցելով Պարսից ծոցի ելքում արգելափակված Հորմուզի նեղուցը:
Source: https://news.am/hy/news/1050989