Քենիայի իշխանությունները հրատապ հետաքննություն են սկսել երկրի հարավում գտնվող Ամբոսելի ազգային պարկի տարածքում 14 փղերի անկումից հետո, հայտնում է BBC News-ը։
Քենիայի վայրի բնության պահպանության ծառայությունը (KWS) հայտնել է, որ մասնագետներն ուսումնասիրում են կենդանիների մնացորդները։ Հյուսվածքների նմուշներն արդեն ուղարկվել են լաբորատորիաներ՝ անկման պատճառը պարզելու համար. հնարավոր վարկածների թվում դիտարկվում են վարակիչ հիվանդությունները, թունավորումը կամ այլ գործոններ։
Անկած փղերը հայտնաբերվել են Ամբոսելի էկոհամակարգի տարբեր վայրերում. դա Քենիայի և Տանզանիայի սահմանին գտնվող ընդարձակ բնական տարածք է, որը հայտնի է իր հարուստ կենդանական աշխարհով։ KWS-ի տվյալներով՝ մարմինները գտնվել են ազգային պարկի սահմաններից 15-30 կիլոմետր հեռավորության վրա։
Գերատեսչության ներկայացուցիչները նշում են, որ առայժմ չկան նշաններ, որոնք կմատնանշեն կենդանիների մահվան միասնական պատճառ։ Անկած փղերի թվում կան տարբեր տարիքի և սեռի կենդանիներ, ինչը բացառում է միայն մեկ ընտանեկան խմբի կամ որոշակի տարիքային կատեգորիայի հետ կապված վարկածը։
KWS-ում հայտարարել են, որ փղերի մահվան նման մասշտաբի դեպքեր տարածաշրջանում չեն գրանցվել արդեն մի քանի տասնամյակ։ Դա հատկապես ուշագրավ է, քանի որ Քենիայի իշխանությունները վերջին տարիներին հասել են որսագողության մակարդակի զգալի նվազեցման։
Ըստ կենդանիների պոպուլյացիային և տեղաշարժերին հետևող Amboseli Trust for Elephants կազմակերպության տվյալների՝ 2025 թվականին Ամբոսելի էկոհամակարգում ավելի քան 2 հազար փիղ էր հաշվառվել։
Source: https://news.am/hy/news/1052152