Փետրվարի 28-ին սկսված՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունն արդեն կարող էր ամերիկյան տնտեսության վրա ավելի քան 151 միլիարդ դոլար արժենալ, թեև Պենտագոնը պաշտոնապես ընդունում է միայն 37,5 միլիարդ դոլարի չափով ծախսերը։ Նման եզրակացության է հանգել The Telegraph պարբերականը՝ վերլուծելով հակամարտության ուղղակի և անուղղակի հետևանքները։
Պարբերականի տվյալներով՝ եթե մարտական գործողությունները շարունակվեն ներկայիս տեմպերով, ԱՄՆ տնտեսության ընդհանուր կորուստները մինչև տարեվերջ կարող են հասնել 311 միլիարդ դոլարի։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն ավելի վաղ հայտարարել էր, որ պատերազմն արդեն պետական բյուջեի վրա արժեցել է առնվազն 37,5 միլիարդ դոլար, սակայն փորձագետները գտնում են, որ հայտարարված գումարը իրական ծախսերի միայն մի մասն է կազմում։
Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, պատերազմների տնտեսագիտության մասնագետ Լինդա Բիլմսը նշել է, որ պաշտոնական գնահատականը հաշվի չի առնում երկարաժամկետ ծախսերը, ներառյալ պետական պարտքի սպասարկումը, վառելիքի գների աճը, ռազմական տեխնիկայի վերականգնումը և երկրի համար տնտեսական հետևանքները։ Նրա կարծիքով՝ հակամարտության վերջնական արժեքը ժամանակի ընթացքում կարող է մոտենալ 1 տրիլիոն դոլարի։
Բրիտանական The Telegraph-ի գնահատմամբ՝ պատերազմն արդեն հանգեցրել է էներգակիրների գների նկատելի աճի. ԱՄՆ-ում բենզինի արժեքը մոտ 21,7%-ով ավելի բարձր է ստացվել, քան կարող էր լինել առանց հակամարտության, իսկ դիզելային վառելիքինը՝ 36,7%-ով։
Պարբերականը նշում է նաև մարդկային կորուստների մասին։ Ըստ դրա հաշվարկների՝ հակամարտության ընթացքում զոհվել է 18 ամերիկացի զինծառայող, թեև Պենտագոնը պաշտոնապես ճանաչում է 14 հոգու մահը՝ չներառելով ապրիլին հայտարարված հրադադարից հետո զոհված չորս զինվորականներին։
Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ ձգձգվող պատերազմն ազդում է ոչ միայն ամերիկյան տնտեսության, այլև Վաշինգտոնի ռազմավարական հնարավորությունների վրա։ Նրանց կարծիքով՝ ֆինանսական և ռազմական ռեսուրսների տեղափոխումը Մերձավոր Արևելք սահմանափակում է աշխարհի այլ տարածաշրջաններում Չինաստանին և Ռուսաստանին զսպելու Միացյալ Նահանգների կարողությունը։
Փորձագետները հիշեցնում են, որ ռազմական արշավների իրական ծախսերը սովորաբար ակնհայտ են դառնում միայն տարիներ անց։ Որպես օրինակ բերվում է Աֆղանստանի պատերազմը, որը, վերջնական գնահատականներով, ԱՄՆ-ի վրա մոտ 2,26 տրիլիոն ԱՄՆ դոլար արժեցավ։
Source: https://news.am/hy/news/1052163