Դուբայը, որը դեռ վերջերս զբոսաշրջության ոլորտում հերթական ռեկորդային տարին էր նշում, ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ռազմական հակամարտությունից հետո բախվել է այցելուների թվի կտրուկ անկման, հայտնում է CNN հեռուստաալիքը։

2025 թվականին էմիրությունն ընդունել է ռեկորդային 19,59 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ, սակայն տարածաշրջանին հասցված հրթիռային հարվածներից և Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքի վրա իրականացված հարձակումներից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։ Հյուրանոցների զբաղվածությունը մոտ 80%-ից նվազել է մինչև հարձակումներից հետո՝ մարտ ամսին հաջորդող ամիսներին ակնկալվող 10%։

Այժմ Դուբայի իշխանությունները գործարկում են զբոսաշրջային հոսքը վերականգնելու նոր միջոցներ։ Դրանցից մեկը A Dubai Invite ծրագիրն է, որի շրջանակում ԱՄԷ-ի բնակիչներին և քաղաքացիներին առաջարկվում է մինչև 3000 դիրհամ (մոտ 816 ԱՄՆ դոլար) արժողությամբ պարգևատրություն՝ հարազատներին կամ ընկերներին էմիրություն այցելելու հրավիրելու համար։

Ծրագիրը մեկնարկել է ամսվա սկզբին։ 18 տարեկանից բարձր այն բնակիչները, որոնք ունեն Արաբական Միացյալ Էմիրությունների գործող անձը հաստատող փաստաթուղթ, կարող են հրավիրել մինչև երեք հյուրի՝ մինչև հոկտեմբերի 31-ը մնալու ժամկետով։ Փաթեթում ներառված են հյուրանոցներում տեղավորման առաջարկներ և զեղչեր ռեստորաններում։

Հրավիրված զբոսաշրջիկները չպետք է բնակվեն Արաբական Միացյալ Էմիրություններում և պետք է ունենան գործող զբոսաշրջային վիզա։ Նրանք կարող են երկիր հասնել օդային, ծովային կամ ցամաքային տրանսպորտով։

«Այն պայմաններում, երբ ճանապարհորդության ուղղություն ընտրելիս անձնական կապերն ու վստահությունը գնալով ավելի մեծ դեր են խաղում, ծրագիրը դիմում է նրանց, ովքեր Դուբային լավագույնս են ճանաչում՝ նրա բնակիչներին, որոնք կարող են այստեղ հրավիրել իրենց ընտանիքներին և ընկերներին»,- հայտարարել է Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի ներկայացուցիչ Նուր Ալ-Գեզիրին։

Ծրագիրը դարձել է իշխանությունների հերթական փորձը՝ վերականգնելու Դուբայի՝ անվտանգ զբոսաշրջային կենտրոնի իմիջը։ Ավելի վաղ չեղարկվել էին զբոսաշրջության ոլորտին առնչվող որոշ վճարներ, դրանց թվում՝ թանկ հյուրանոցներում գիշերակացի հարկը և հյուրանոցներում ու ռեստորաններում հաշիվների նկատմամբ կիրառվող 7% չափով համայնքային գանձումը։

Մերձավոր Արևելքում «անվտանգ ապաստան» համարվող Դուբայի հեղինակությունը լրջորեն տուժել է Իրանի շուրջ հակամարտությանն առնչվող հրթիռային և անօդաչու հարձակումներից հետո։ Թեև հրթիռների մեծ մասը որսացվել էր, որոշ օբյեկտներ վնասվել են, դրանց թվում՝ հինգաստղանի Fairmont The Palm հյուրանոցը և հայտնի Burj Al Arab հյուրանոցը, որը փակվել էր լայնածավալ 18-ամսյա վերակառուցման համար։

Դուբայի միջազգային օդանավակայանը՝ աշխարհի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկը, մարտին նույնպես ժամանակավորապես փակվել էր։ Մի քանի ավիաընկերություններ, ներառյալ՝ British Airways-ը և Emirates-ը, ժամանակավորապես դադարեցրել էին թռիչքները դեպի էմիրություն։

Փորձագետները նշում են, որ ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգնումը համեմատաբար հեշտ կլինի, սակայն Դուբայի՝ լիովին անվտանգ ուղղության նախկին ընկալումը վերադարձնելը կարող է ավելի բարդ լինել։

«Սա Դուբայի համար ամենավատ սցենարն է, քանի որ դրա էությունը կախված էր անհանգիստ տարածաշրջանում անվտանգ օազիսի կերպարից»,- հայտարարել է Պարսից ծոցի երկրների հարցերով Եվրոպական արտաքին հարաբերությունների խորհրդի փորձագետ Չինցիա Բյանկոն։

Չնայած դրան՝ մասնագետների կարծիքով՝ վստահությունն Արաբական Միացյալ Էմիրությունների նկատմամբ ամբողջությամբ չի մարել։ Ըստ Gates Hospitality ընկերության հիմնադիր Նայմ Մաադադի՝ այժմ գլխավոր խոչընդոտը ոչ թե ենթակառուցվածքների վիճակն է, այլ հակամարտության հոգեբանական ազդեցությունը։

«Միջազգային լսարանը հաճախ Մերձավոր Արևելքն ընկալում է որպես միասնական տարածաշրջան՝ չտարբերակելով առանձին երկրները, և դա բնականորեն ազդում է ուղևորությունների վերաբերյալ որոշումների վրա»,- նշել է նա։

Միաժամանակ, Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններն ընդգծում են, որ Դուբայի օդանավակայանները, հյուրանոցները, ռեստորանները և զբոսաշրջային օբյեկտները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով։ Հիմնական խնդիրն այժմ ճանապարհորդներին կրկին համոզելն է, որ էմիրությունն իբրև անվտանգ ուղղություն ընտրեն։

Source: https://news.am/hy/news/1052135