Մեկ մարդ է զոհվել ԳԵՀ հարավում գտնվող Ռեգենսբուրգ քաղաքում (Բավարիա ֆեդերալ հող) բանկի ենթադրյալ կողոպուտի ընթացքում: Դրա մասին հայտնել է N-tv հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը:
N-tv-ի տեղեկություններով՝ հարձակվողը, ենթադրաբար, զինված է դանակով և դեռևս գտնվում է շենքի ներսում: Տուժածին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, սակայն, ոստիկանության տվյալներով, ստացած վերքերից տղամարդը մահացել է:
Իրավապահները ելնում են այն կանխավարկածից, որ բանկում այլ մարդիկ էլ կան: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ նրանք կասկածյալի կողմից որպես պատանդ չեն պահվում, նշում է հեռուստաալիքը: Ներկա պահին իրավապահները դեռևս չեն մտել շենք, սակայն պատահարի վայր են քաշվել ոստիկանության խոշոր ուժեր, դրանց թվում՝ հատուկ ջոկատայիններ, ներգրավված է նաև ուղղաթիռ:
Բանկի մասնաճյուղում դանակով հարձակման հետ կապված ահազանգը ստացվել է մոտավորապես 14:50-ին: Հարձակվողի շարժառիթները դեռևս անհայտ են մնում: Նրանից պահանջներ ևս դեռևս չեն ստացվել, հավելել է ոստիկանության ներկայացուցիչը:
Source: https://news.am/hy/news/1051424