ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա ժամերին Իրանի դեմ ռազմական գործողության վերաբերյալ նոր խորհրդակցություն կանցկացնի: Դրա մասին նա հայտնել է ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունում անցկացված միջոցառման ժամանակ:

«Վերջում ցանկանում եմ ասել, որ ինձ համար պատիվ էր գտնվել այստեղ: Այժմ մեկնում եմ [Սպիտակ տուն]՝ [իմ շրջապատի հետ] տարբեր թեմաների շուրջ խոսելու համար: Դրանցից մեկն իրանական պատերազմն է»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

«Կրկին՝ մեր գործերը շատ լավ են ընթանում: Նրանց անօդաչու սարքերը ոչնչացված են 84%-ով, նրանց հրթիռները՝ 91%-ով: Նրանք ոչինչ չունեն»,- պնդել է ԱՄՆ ղեկավարը: «Նրանք պարզապես չար են, և խելացի են, ու դեռևս որոշակի [ռազմական] ներուժ ունեն: Բայց, հավատացեք ինձ, չորս ամիս առաջ նրանք շատ, շատ ավելի ուժեղ էին»,- հավելել է Թրամփը:

ԱՄՆ-ն ու Իսրայելն Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին: Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որը նախատեսում էր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ՝ Լիբանանում: Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսեց լայնամասշտաբ հարվածներն Իրանին՝ նրան մեղադրելով Հորմուզի նեղուցին վերաբերող մասով ձեռք բերված համաձայնությունների պայմանները խախտելու մեջ:

Source: https://news.am/hy/news/1051444