Սև ծովի ռուսական ջրային տարածքում գտնվելն անվտանգ չէ ուկրաինական օդային և ծովային անօդաչու սարքերի հարձակումների սպառնալիքի պատճառով: Դրա մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության շաբաթական տեղեկագրում: Նախազգուշացումը տարածվում է Սև ծովում Ռուսաստանի ամբողջ բացառիկ տնտեսական գոտու վրա, ներառյալ Նովորոսիյսկի շրջանը, որն այդ տարածաշրջանում երկրի գլխավոր արտահանման հաբն է:
Նախազգուշացմանը նախորդել էր Սև և Ազովի ծովերում ռուսական նավագնացության դեմ Ուկրաինայի զանգվածային հարձակումների շարքը: Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալներով, որոնք, ըստ Bloomberg-ի, հուլիսի 8-20-ը հարվածների է ենթարկվել Ռուսաստանին առնչվող առնվազն 124 նավ, դրանց թվում՝ 89 նավթատար նավ: Հարձակումներից հետո Նովորոսիյսկի նավահանգիստը բանավոր արգելք է մտցրել նավերի շարժի վրա տեղական ժամանակով կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 5-ը, ինչը կարող է խախտել բեռների շուրջօրյա բեռնաթափումն ու բարձումը, նշում է գործակալությունը:
Ավելի վաղ այս շաբաթ Կասպյան խողովակաշարային կոնսորցիումը, որը ղազախական նավթի արտահանման հիմնական երթուղին է և ապահովում է դրա մատակարարումների շուրջ 80%-ը, նավատերերի մտավախությունների պատճառով ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել բեռնումները, ինչը հանգեցրել է Ղազախստանում նավթի արդյունահանման կրճատմանը: Bloomberg-ի գնահատմամբ՝ Սև ծովով արտահանման տևական խափանումները կարող են ուժեղացնել ճնշումը նավթի համաշխարհային շուկայի վրա, որն արդեն իսկ զգում է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի և Հորմուզի նեղուցով ու Կարմիր ծովով նավագնացության խափանումների հետևանքները:
Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել ռուսական ծովային լոգիստիկային: Ուկրաինական հրամանատարության տվյալներով՝ հուլիսի 6-22-ը «МоЛоЧКа» գործողության շրջանակում Անօդաչու համակարգերի ուժերն արդեն խոցել են մոտ 200 լողամիջոց: Զուգահեռաբար, Ուկրաինայի անվտանգութնա ծառայությունը՝ Ռուսաստանին խաղաղության պարտադրման 40-օրյա գործողության շրջանակում, գրոհում է նավթաբազաները և ռազմատնտեսական ենթակառուցվածքի այլ օբյեկտներ:
Ռուսաստանն իր հերթին շարունակում է հարվածները Օդեսայի և Չեռնոմորսկի ուկրաինական նավահանգիստներին: Ինչպես հայտնել է Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Տարաս Վիսոցկին, դա ստիպել է նավատերերին ժամանակավորապես դադարեցնել նավերի մուտքը՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար:
Source: https://news.am/hy/news/1051441