Թեհրանը նախազգուշացրել է տարածաշրջանի մի շարք երկրների՝ Իրանին ԱՄՆ-ի կողմից հասցվող շարունակական հարվածների ֆոնին, և հայտարարել է հնարավոր պատասխան գրոհների մասին: Համապատասխան հայտարարությունը X-ի իր էջում հրապարակել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

Նրա պնդմամբ՝ ավելի վաղ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական կամանդատության (CENTCOM) ղեկավար Բրեդ Քուփերը հայտարարել էր, որ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մի շարք անդամ երկրներ և Հորդանանը մասնակցել են Իրանի դեմ ռազմական հարվածներին:

«Եթե ԱՄՆ-ի այդ պնդումը կեղծիք է, ապա այդ երկրները պարտավոր են պաշտոնապես հերքել այն: Այս հանգամանքների լույսի Ներքո, երբ Իրանն իրականացնում է ինքնապաշտպանության իր անօտարելի և օրինական իրավունքը՝ հարվածներ հասցնելով այդ պետությունների տարածքում տեղակայված ամերիկյան ռազմական բազաներին ու օբյեկտներին, «Իրանի շարժառիթների» մասին հարցերը ոչ այլ ինչ են, քան տրամաբանությունը աղավաղելու և մոլորեցնելու փորձ»,- հայտարարել է Բաղային:

Նա ընդգծել է, որ այդ երկրների կողմից իրենց տարածքները որպես ռազմահենադաշտ տրամադրելն ամերիկյան հարձակումներին աջակցելու համար, ըստ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի № 3314 բանաձևի, նրանց դարձնում է հանցակից, ինչպես նաև բարիդրացիության սկզբունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի կոպիտ խախտում:

Նշենք, որ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի կազմի մեջ մտնում են վեց երկրներ՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Քուվեյթը, Բահրեյնը և Օմանը:

Source: https://news.am/hy/news/1051445