Լատվիան արգելել է երկիր ներմուծել Ռուսաստանում և Բելառուսում արտադրված ապրանքների մի ամբողջ շարք: Երկրի Սեյմը (խորհրդարանը) «Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանն աջակցելու մասին» օրենքում համապատասխան փոփոխություններն ընդունել է վերջնական ընթերցմամբ հուլիսի 23-ին, գրում է Delfi-ն:

Ապրանքների ամբողջական ցանկը, որոնք կհայտնվեն սահմանափակումների տակ, պետք է հաստատի կառավարությունը: Ընդ որում, հայտնի է, որ դրա մեջ կարող են ներառվել ռուսերեն գրքերն ու պարբերականները, տեսախաղերը, սպորտային ապրանքները, խաղալիքները, հագուստը և կոշկեղենը:

Արգելքը գործելու է ոչ միայն ուղղակի ներմուծման, այլև երրորդ երկրներից ապրանքների մատակարարման վրա: Ընդ որում, Ռուսաստանում և Բելառուսում արտադրված արտադրանքի տարանցումը Լատվիայի տարածքով դեպի ԵՄ այլ երկրներ նախկինի պես թույլատրված է:

Լատվիայի ԱԳՆ ղեկավար Բայբա Բրաժեն նշել է, որ Ռուսաստանն օգտագործում է գրքերն ու պարբերական հրատարակությունները քարոզչական նպատակներով: Կառավարությունում ընդունում են, որ նոր արգելքը կարող է հանգեցնել գների աճի առանձին ոլորտներում, սակայն նշում են, որ բոլոր ապրանքները կարելի է փոխարինել այլ երկրների արտադրանքով:

2022 թվականից ի վեր Լատվիայի ներմուծումը Ռուսաստանից և Բելառուսից կրճատվել է 91%-ով, ասվում է օրինագծի ծանոթագրության մեջ: 2025 թվականին այն կազմել է 193 միլիոն եվրո՝ երկրի ընդհանուր ապրանքային ներմուծման մեկ տոկոսից էլ պակաս: Այն արտադրանքի մասնաբաժինը, որը նախատեսվում է արգելել, կազմել է մոտ 12,5 միլիոն եվրո:

Source: https://news.am/hy/news/1051442