Շվեյցարական դրոշի ներքո նավարկող Viking Ullur զբոսանավը Դանուբ գետում նստել է ծանծաղուտի վրա ջրի ծայրահեց ցածր մակարդակի պատճառով, հայտնում է Digi 24-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Ռումինիայի Մեհեդինցի շրջանի Սալչա բնակավայրի մոտ՝ Բուլղարիայի հետ սահմանից ոչ հեռու։

Նավում 186 ուղևոր և անձնակազմի 52 անդամ կա։ Նավը երկուշաբթի երեկոյան դուրս էր եկել ռումինական Դրոբետա-Տուրնու-Սևերին քաղաքից և ուղևորվում էր բուլղարական Վիդին, սակայն խրվել է ավազոտ ծանծաղուտի մեջ և չի կարողացել շարունակել ճանապարհը։

Իշխանությունների տվյալներով՝ Դանուբում ջրի մակարդակը մնում է ծայրահեղ ցածր. գետի ջրի հոսքը կազմում է վայրկյանում մոտ 1600 խորանարդ մետր, ինչը զգալիորեն բարդացնում է նավագնացությունը։ Նավը ծանծաղուտից հանելու փորձերը, որոնք ձեռնարկվել են երկուշաբթի երեկոյան և երեքշաբթի առավոտյան, արդյունք չեն տվել։ Գետային վարչակազմի ներկայացուցիչները խոստովանել են, որ նավն արագ ազատելու հնարավորությունները փոքր են։

Ավելի ուշ Բուլղարիայի սահմանապահ ոստիկանությունը սկսել է ուղևորների տարհանումը։ Ինչպես հայտնել են երկրի ՆԳՆ-ից, զբոսանավը նաև խմելու ջրի պակաս է ունեցել Վիդինի նավահանգստում պաշարները լրացնելու նպատակով նախատեսված կանգառից առաջ։

Մարդկանց փոխադրման համար ներգրավվել է մեկ այլ նավ, սակայն այն չի կարողացել անմիջապես մոտենալ խրված զբոսանավին։ Արդյունքում ուղևորներին փրկարարական բաճկոններով սկսել են տեղափոխել սահմանապահ ոստիկանության պարեկային մոտարանավակներով։

Source: https://news.am/hy/news/1052156