Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկացի բլոգեր Լորա Լումերին տված հարցազրույցում հայտարարել է, որ հաջորդ տարի ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հեռահարությունը 3 հազարից կհասնի 10 հազար կիլոմետրի: «Մենք ունենք 3000 պլյուս կիլոմետր հեռահարությամբ դրոններ: Իսկ այս տարի կունենանք 4000 կիլոմետր հեռահարությամբ, հաջորդ տարի՝ 5-10 հազար»,- ասել է նա: Ուկրաինայում մինչև 10 հազար կիլոմետր հեռահարությամբ դրոնների հայտնվելուց հետո Ուկրաինայի զինված ուժերը կկարողանա հարվածներ հասցնել Ռուսաստանի ամբողջ տարածքով, ներառյալ Մագադանը, Չուկոտկան, Կամչատկան և Սախալինը:
Զելենսկու խոսքով՝ ուկրաինական հեռահար անօդաչու ծրագրի զարգացումը թևակոխում է նոր փուլ, Ուկրաինան արդեն ԱՄՆ-ին է փոխանցում ծովային, օդային և հեռահար անօդաչու սարքերի կիրառման եզակի մարտական փորձը: Նախագահը հավելել է, որ Կիևն ու Վաշինգտոնը ծրագրում են սկսել դրոնների համատեղ արտադրություն, որի շրջանակում գործարան կկառուցվի Նահանգների տարածքում. գործարքի վերաբերյալ փաստաթուղթը, ինչպես նշել է Զելենսկին, արդեն գրեթե պատրաստ է:
2025 թվականի մարտին Զելենսկին առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց 3 հազար կմ հեռահարությամբ դրոնի հաջող փորձարկումների մասին: Այս տարի՝ հուլիսի 6-ին, դրոնները հարվածեցին Օմսկի նավթավերամշակման գործարանին՝ Ռուսաստանի ամենահզոր նավթագործարանին. հեռավորությունը մինչև թիրախը կազմել էր 2500 կմ: «Մենք ամբողջությամբ ոչնչացրել ենք ռազմավարական թիկունքի գոյության մասին Ռուսաստանի պատկերացումը… Երկար ժամանակ Ռուսաստանն իր առավելությունն էր համարում հսկայական տարածքը՝ խոր թիկունքը, որտեղ կարելի էր անվտանգ տեղակայել ռազմական արտադրությունը, պահել տեխնիկան և այն ամենը, ինչից կախված է պատերազմ վարելը՝ վստահ լինելով, որ այնտեղ ոչ ոք չի կարող հասնել: Բայց մենք կարողացանք»,- հայտարարեց Զելենսկին հուլիսի 7-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Նա ընդգծեց, որ հեռահար հարվածները պետք է արագացնեն խաղաղության հասնելը՝ բարձրացնելով պատերազմի գինը Ռուսաստանի համար:
Հուլիսի 10-ին Զելենսկին հրամանագիր ստորագրեց Ուկրաինայի Զինված ուժերի կազմում Ռուսաստանի վրա հեռահար ազդեցության հատուկ հրամանատարություն ստեղծելու մասին: Ինչպես նշեց պետության ղեկավարը, այդ հրամանատարությունը պետք է կենտրոնացնի առկա բոլոր ռեսուրսները, որպեսզի ավելի նշանակալիորեն նվազեցնի ռուսական ռազմական ներուժը:
Source: https://news.am/hy/news/1051611