Երկուշաբթիի լույս 21-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի հարավային առանցքային ռազմական օբյեկտներից մեկի՝ Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքի ռազմական աերոդրոմի վրա։ Ուկրաինական «Крымский ветер» ալիքի փոխանցմամբ՝ տարածքում հրդեհ է բռնկվել, որն ըստ նախնական տվյալների տեղի է ունեցեկ վառելիքի պահեստի հատվածում։ Ուկրաինայի Անօդաչու համակարգերի ուժերը հայտարարել են գիշերը Կուբանում ռուսական հակաօդային պաշտպանության 6 «տարրերի» ոչնչացման մասին, այդ թվում՝ Եյսկում, Պրիմորսկո-Ախտարսկում և Կամիշևատսկայա ստանիցայում։ Խոսքը «Տոր-Մ2» զենիթահրթիռային համալիրի, «Նեբո-ՍՎ» տեսակի երկու ռադիոլոկացիոն կայանի և այլ տեղակայանքների մասին է։ Տեղի օպերատիվ շտաբը հայտնել է, որ Եյսկում «ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով» մեկ մարդ է տուժել։ Բացի այդ, իշխանությունների տվյալներով, քաղաքում յոթ առանձնատուն է վնասվել։

Ղրիմում, Հատուկ գործողությունների ուժերի պնդմամբ, գիշերվա ընթացքում թիրախավորվել է յոթ էներգահանգույց։ Հայտարարվում է Յալթայում, Մորսկոյեում, Պրիվետնոյեում, Լուչիստոյեում և այլ վայրերում գտնվող ենթակայանների խոցման մասին։ Ուկրաինական ալիքները գրել են նաև բռնակցված թերակղզու հարավում գտնվող Յալթայի «Դարսան» բլրի վրա տեղակայված համանուն էլեկտրատեղակայանքի, ինչպես նաև Ալուշտայի մոտ գտնվող «Պրիվետնոյե» ենթակայանի վրա հարձակման մասին։ Վերջինումս հրդեհ է արձանագրվել։ Բացի այդ, Բելգորոդում ԱԹՍ-ն ընկել է Շչորսի փողոցի և Ավտոմոբիլիստների անցուղու խաչմերուկում գտնվող «Ռոսնեֆտ»-ի ավտոգազալցակայանի վրա, գրում է «Пепел»-ը։ Մեկ տղամարդ էլ բեկորային վիրավորումներ է ստացել ուսի և դեմքի շրջանում։ Հարվածից վնասվել են լցակայանի ծածկը, ապակեպատումը, ավտոբուսի կանգառը, ինչպես նաև մեկ ավտոմեքենա։

Իշխանությունների փոխանցմամբ՝ գիշերվա ընթացքում Բելգորոդի շրջանում արձանագրվել է հրետակոծության 2 դեպք (ընկել է 5 արկ) և 96 անօդաչու թռչող սարքերի հարձակում, որոնցից 61-ը հաջողվել է խոցել կամ ճնշել ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներով։

«Ղրիմէներգո»-ն հայտնում է, որ Ղրիմում, որտեղ ուկրաինական հարվածների պատճառով հունիսի վերջից արտակարգ իրավիճակի ռեժիմ է գործում, էլեկտրաէներգետիկայի օբյեկտներին հասցված ԱԹՍ-ների նոր հարվածների հետևանքով թերակղզու արևմտյան, հարավային և արևելյան շրջաններում լույսը «մասամբ բացակայում է»։ «ԱՆօդաչուների հարձակումներից առավել շատ տուժած Հյուսիսային, Արևելյան և Արևմտյան էներգաշրջանների բնակավայրերում էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է՝ ըստ էլեկտրական ցանցի հնարավորությունների», — հայտարարել են կազմակերպությունում։

Միևնույն ժամանակ, «Ղրիմի ջուր» պետական ունիտար ձեռնարկության հաղորդմամբ՝ երկուշաբթի օրը մասնակիորեն կդադարեցվի Ալուշտայի, Սիմֆերոպոլի, Կերչի և Բելոգորսկի շրջանների ջրամատակարարումը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը զեկուցել է, որ գիշերը ինքնաթիռային տիպի 381 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ 15 սուբյեկտներում, Ազովի ու Սև ծովերի ակվատորիաներում, ինչպես նաև Մոսկվայի մարզում, որտեղ թիրախավորվել են լոգիստիկ հանգույց, նավթաբազա և «Wildberries»-ի պահեստ։

Source: https://news.am/hy/news/1050697