ԱՄՆ ռազմական նախարարությունը դիտարկում է օդային պատերազմներ վարելու հայեցակարգի փոփոխության հարցը՝ հօգուտ արհեստական բանականությամբ կառավարվող պարզ, ինքնավար անօդաչու համակարգերի զանգվածային ստեղծման: Որպես առաջնահերթություն դիտարկվում են մի քանի ծրագրեր, մասնավորապես՝ Drone Dominance Program-ը (DDP) և Collaborative Combat Aircraft-ը (CCA):

Drone Dominance Program-ը մեկնարկել է մինչև 2028 թվականը 340 հազար էժան, մեկանգամյա օգտագործման հարվածային ԱԹՍ-ներ թողարկելու հեռանկարով, որոնք ունակ են միայն իրենց քանակով/քաշով գերբեռնել ՀՕՊ համակարգը և ստեղծել հարվածների բարձր խտություն:

Ծրագրի շրջանակում արդեն անցկացվում են փորձարկումների շարքեր: Օրինակ՝ ռազմական օպերատորները թեստավորում են տարբեր ԱԹՍ-ներ, որից հետո ընտրվում են լավագույնները՝ սերիական պատվերի համար: Արտադրության մասշտաբավորմանը համընթաց Պենտագոնը մտադիր է էապես նվազեցնել մեկ միավորի գինը՝ մոտ 5000 դոլարից հասցնելով 2300 դոլարի:

Collaborative Combat Aircraft-ը կենտրոնանում է ավելի խոշոր, կիսաինքնավար դրոնների ստեղծման վրա, որոնք աշխատելու են կառավարվող կործանիչների (F-35 և F-47) հետ համակցված, գրում է Техкульт-ը: Հունիսին ԱՄՆ ռազմաօդային ուժերը սերիական արտադրության են հանձնել FQ-42A (General Atomics) և FQ-44A (Anduril Industries) անօդաչու հարթակները: Նրանց խնդիրների մեջ մտնում են ռադիոէլեկտրոնային պայքարը, հետախուզությունը, տվյալների փոխանակումը և այլ վտանգավոր առաքելություններ: Ծրագրային ապահովումը կվերահսկի մի քանի մատակարարների, որպեսզի կախվածություն չստեղծվի մեկ աղբյուրից:

Պատերազմ վարելու հայեցակարգի փոփոխության հիմնական պատճառը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում մարտական գործողությունների փորձն է, որտեղ մատչելի անօդաչու թռչող սարքերն արմատապես փոխեցին խաղի կանոնները:

Ընդսմին, անօդաչու համակարգերի արտադրության մասշտաբավորման համար բավարար չէ միայն համապատասխան ձեռնարկություններ կառուցելը: Անհրաժեշտ է նաև կառուցել լոգիստիկա, պատրաստել անձնակազմ, մշակել տարբեր տեսակի դրոնների միջև փոխգործակցությունը, դրանց թվում՝ ռադիոէլեկտրոնային խլացման պայմաններում:

Source: https://news.am/hy/news/1051936