Արհեստական բանականությունը բացում է «առատության դարաշրջան», թե՞ մեզ թվային ապոկալիպսիս է սպասվում:

Որևէ մեկի սրտով է, թե ոչ, ակնհայտ է մի բան. դեպի իր վերջնակետը սլացող «արհեստական բանականություն» կոչվող գնացքն այլևս անհնար է կանգնեցնել: Կառուցվում են հսկայական տվյալների կենտրոններ, ավտոմատացումն աստիճանաբար խլում է աշխատատեղերը, իսկ կառավարություններն ամբողջ աշխարհում ներքաշվել են «Մանհեթենյան նախագծի» ձևաչափի մրցավազքի մեջ՝ փորձելով առաջինը ստեղծել գլխավոր գրաալը՝ ուժեղագույն արհեստական բանականությունը (AGI):

Այսօր քննարկման միակ առարկան սպասվող տնտեսական ցնցման մասշտաբն ու արագությունն է, թե կոնկրետ ովքեր կկորցնեն աշխատանքը, և արդյոք արժե՞ կատարվողը համարել դրական մի բան (թեև մեր կարծիքը, միևնույն է, ոչ ոք չի հարցնում):

«Ապագան արմատապես տարբերվելու է անցյալից: Չկա և ոչ մի համանմանություն կամ փոխաբերություն, որն ունակ է նկարագրել այն փոփոխությունների մասշտաբները, որոնց մեզ վիճակված է բախվել»,- հայտարարել է Իլոն Մասկը:

SpaceX ընկերության հաղթական IPO-ից հետո The Economist պարբերականին տված իր առաջին ծավալուն հարցազրույցում աշխարհի առաջին տրիլիոնատերը արհեստական բանականության զարգացման վերաբերյալ առավելագույն տեխնո-լավատեսական հայացք է հնչեցրել:

Մասկը համոզված է, որ ընդամենը մի քանի տարուց արհեստական բանականությունը կգերազանցի մարդկայինին, աշխարհում կհայտնվի մինչև մեկ միլիարդ հումանոիդ ռոբոտ, իսկ ԱԲ-ով խթանվող «առատության դարաշրջանը» կանխիկ դրամն անիմաստ կդարձնի:

«Ըստ էության, չի մնա ոչինչ, որ ԱԲ-ն չկարողանա անել ավելի լավ, քան մարդը՝ չհաշված, թերևս, մարդ լինելու բուն ունակությունը»,- նշել է նա:

«Կարծում եմ՝ ԱԲ-ն կկարողանա գերազանցել ամբողջ մարդկության հանրագումարային բանականությունը մոտ հինգ տարուց: Ամենահավանական սցենարն անհավանական առատության գալիք դարաշրջանն է, որտեղ յուրաքանչյուր ոք կկարողանա ստանալ այն ամենը, ինչ կցանկանա: Դա գուցե անհեթեթ է հնչում… Լինում են, իհարկե, բաներ, որոնք ունակ են շեղել մեզ այդ ճանապարհից, օրինակ՝ մասշտաբային համաշխարհային ջերմամիջուկային պատերազմը… Բայց եթե Երրորդ համաշխարհային տեղի չունենա, ես վստահ եմ, որ մենք շարժվում ենք դեպի հիանալի առատության դարաշրջան: Այնպես որ, իմ ուղերձը լի է լավատեսությամբ և ապագայի կանխավայելքով»:

Մասկը, որի Tesla ավտոմոբիլային ընկերությունը մշակում է Optimus ունիվերսալ ռոբոտ-բանվորին, կարծում է, որ արդեն հինգ տարուց աշխարհում կարող է հայտնվել «առնվազն 100 միլիոն, իսկ գուցե և ամբողջ մեկ միլիարդ մարդանման ռոբոտ», որոնք ամբողջությամբ կփոխարինեն ֆիզիկական աշխատանքը:

«Ես կկանխատեսեի, որ տնտեսությունը կաճի մոտ երկու անգամ՝ համեմատած իր ներկայիս ծավալի հետ հինգ, առավելագույնը վեց տարում, որովհետև մենք կմտնենք մի փուլ, երբ տնտեսական արտադրանքը կկրկնապատկվի կատաղի արագությամբ»,- իր մտորումներն էր հաղորդակից դարձնում նա մայիսին Forbes-ին տած հարցազրույցում:

Ավելի վաղ միլիարդատերը հայտարարել էր նաև, որ ծերության համար փող խնայելն այժմ պարզապես անիմաստ է:

«Մի անհանգստացեք 10 կամ 20 տարի առաջ ծերության համար փող հավաքելու մասին. դա ոչ մի նշանակություն չի ունենա,- ասում էր նա հունվարյան փոդքասթում:- Ձեզ հարկավոր չի լինի խնայողություններ անել թոշակի համար: Եթե այն ամենի գոնե մի մասը, ինչի մասին խոսում ենք, ճշմարտություն է, խնայողությունները կկորցնեն իրենց ամբողջ իմաստը»:

Պոստապոկալիպտիկ առատության այս սցենարում (որը, ԱԲ-ի կողմնակիցների կարծիքով, անխուսափելիորեն կհանգեցնի աշխատանքից զրկված մարդկանց համար անպայմանական բազային եկամտի այս կամ այն ձևին), փոդքասթի համավարող Փիթեր Դիամանդիսը կանխատեսում է. «Կհայտնվի ենթակառուցվածք, որը ձեզ կապահովվի. դուք կունենաք բնակարան, առողջապահություն, ժամանց»:

ԱԲ-ձեռնարկատեր Դեյվ Բլանդինը համամիտ էր դրան՝ հավելելով, որ «իսկ թե կոնկրետ ինչպես են զարգանալու իրադարձությունները, սկզբունքորեն անհնար է կանխատեսել՝ ինքնակատարելագործման ԱԲ-ի ունակության և սրընթաց առաջընթացի արագացող տեմպերի պատճառով»:

«Դա իզուր չեն «սինգուլյարություն» (singularity) անվանում,- եզրափակել է Մասկը:-Ես չգիտեմ, թե իրադարձությունների հորիզոնից այն կողմ ինչ կպատահի»:

Ընդսմին, ավաղ, ոչ բոլորն են կիսում այն վստահությունը, թե ԱԲ-ն մարդկությանը դեպի լուսավոր ապագա է տանում:

Կարծիքների մյուս բևեռում է էներգետիկայի հետազոտող դոկտոր Քրիս Մարտենսոնը: Այս շաբաթ Թաքեր Կառլսոնի փոդքասթում ունեցած ելույթի ժամանակ նա ԱԲ մրցավազքը համեմատել է Բաբելոնի աշտարակի հետ՝ մարդկային հպարտության աղետալի հետևանքների մասին աստվածաշնչյան առակի հետ:

«Արևի տակ նոր բան չկա,- ասել է նա:- Ես իսկապես հավատում եմ, որ ԱԲ-ի հետ կապված այս ամբողջ պատմությունը մեր Բաբելոնի աշտարակն է: Դա մի գործիք է, որի օգնությամբ մենք ինքներս մեզ համոզել ենք, թե իբր կարող ենք ի վերջո զբաղեցնել Փրկչի բաղձալի գահը Աստծո կողքին կամ նույնիսկ հավասարվել Նրան: Մենք այժմ ինքներս աստվածների պես ենք… Բայց խոնարհության նման բացակայությունը, այս հպարտությունն ու ամբարտավանությունը միշտ շրջվել են մեր դեմ»:

Այսպիսով, ինչ է մեզ սպասվում՝ բարգավաճո՞ւմ, թե՞ կործանում

Ավստրալացի ապագայաբան, «Ընկալող մեքենաներ» (Perceptive Machines) գրքի հեղինակ պրոֆեսոր Ռոքի Սկոպելլիտին նշում է, որ ինքն ավելի լավատեսորեն է տրամադրված, քան շատ մեկնաբաններ: Ընդսմին, այդ լավատեսությունը հնարավոր է միայն այն պայմանով, եթե պատրաստ լինենք արմատապես վերանայել բարեկեցության և աշխատանքի մասին մեր պատկերացումները:

«Աշխատանքի ոլորտի ապագան աշխատուժի խնդիր չէ: Դա դառնում է կառավարման և կարգավորման խնդիր»,- news.com.au.-ի համար մեկնաբանել է նա:

«Ամենամեծ ցնցումը կլինի ոչ թե այն, որ ռոբոտները կխլեն աշխատանքը: Դա կլինի եկամտի անջատումը բուն աշխատանքի փաստից: Ավտոմատացումն ունակ է ստեղծել հսկայական առատություն, սակայն այն ավտոմատ կերպով արդարություն չի ստեղծում: Ակտիվներին տիրապետելը շատ ավելի կարևոր կդառնա, քան տեխնոլոգիաները»:

Պրոֆեսոր Սկոպելլիտիի կարծիքով՝ ապագայի գլխավոր տնտեսական հարցը չի հնչի որպես «Արդյո՞ք արհեստական բանականությունը կփոխարինի աշխատողներին»:

«Գլխավոր հարցը հնչում է այսպես. Ո՞ւմ են պատկանում ռոբոտները, տվյալները և բուն բանականությունը,- ընդգծում է նա:- Յուրաքանչյուր արդյունաբերական հեղափոխություն փոխում էր այն, թե ԻՆՉՊԵՍ են մարդիկ աշխատում: Արհեստական բանականությունը կարող է դառնալ առաջինը, որը կփոխի այն, թե ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ են մարդիկ աշխատում»:

Source: https://news.am/hy/news/1051869