ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ զրույցում պահանջել է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել երկրում բռնկված անտառային հրդեհները վերահսկողության տակ առնելու համար։ Հրդեհների ծուխն ավելի վաղ պատել էր ամերիկյան մի շարք խոշոր քաղաքները։ ԱՄՆ ղեկավարը նաև չի բացառել, որ փոխհատուցում կպահանջի Օտտավայից։

«Ես նրան ասացի․ «Դուք պետք է կանգնեցնեք այս հրդեհների տարածումը, որոնք թունավորում են մեր օդը։ Մեր օդը թունավորված է»», — Քարնիի հետ ունեցած խոսակցության մասին հուլիսի 19-ին Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում պատմել է Թրամփը։ «Այս հրդեհները պետք է դադարեցվեն։ Եթե կարողանանք օգնել, մենք կօգնենք», — հավելել է նա։ «Բայց, թերևս, նրանք պետք է մեզ որոշակի փոխհատուցում կամ նման մի բան վճարեն։ Կամ էլ, գուցե, մենք պետք է որոշակի մաքսատուրքեր սահմանենք», — ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Source: https://news.am/hy/news/1050687