Իրանը պատրաստ է բանակցությունների, սակայն չի վստահում Միացյալ Նահանգներին՝ Վաշինգտոնի կողմից նախկինում ստանձնած պարտավորությունների խախտման պատճառով։ Այդ մասին Պեկինում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանում Իրանի դեսպան Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Ըտս նրա՝ Թեհրանն ի սկզբանե հայտարարել է, որ գործում է բացառապես ինքնապաշտպանության նպատակով և պատասխանում է ԱՄՆ-ի հարվածներին։

«Հենց որ ԱՄՆ-ը դադարեցնի իր ագրեսիան, մենք ևս կդադարեցնենք պատասխան գործողությունները»,- ընդգծել է դիվանագետը։

Ռահմանի Ֆազլին նշել է, որ Պարսից ծոցի երկրները, ինչպես նաև Չինաստանը, Ռուսաստանը, Պակիստանը և եվրոպական մի շարք պետություններ ջանքեր են գործադրում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով դրա տնտեսական և տարածաշրջանային անվտանգության վրա ունեցող հետևանքները։

Դեսպանը միաժամանակ համոզմունք է հայտնել, որ Չինաստանն ունակ է կարևոր դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում։ Նրա բնորոշմամբ՝ Պեկինը հետևողականորեն հանդես է գալիս հօգուտ բանակցությունների, լարվածության նվազեցման, հավաքական անվտանգության ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության զարգացման։

«Չինաստանը բազմաթիվ արժեքավոր քայլեր է ձեռնարկել խաղաղությանն աջակցելու համար ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այնպես էլ տարածաշրջանային մակարդակում, և մենք բարձր ենք գնահատում այդ ջանքերը»,- ասել է նա։

Անդրադառնալով բանակցությունների հեռանկարների թեմային՝ իրանցի դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը առաջվա պես պատրաստ է երկխոսության։ Սակայն, ըստ նրա, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը խախտեց Իսլամաբադում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը և հրաժարվեց կատարել իր պարտավորությունները, Իրանը կորցրել է վստահությունը ամերիկյան կողմի նկատմամբ։

Source: https://news.am/hy/news/1052107