ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի հանդիպում են անցկացնում Սպիտակ տանը. այս ամսվա ընթացքում սա նրանց երկրորդ անձնական հանդիպումն է, հայտնում է Associated Press-ը։

Թրամփն ընդունում է Զելենսկուն, որը Վաշինգտոն է ժամանել նաև սենատոր Լինդսի Գրեմի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար։ Մահվանից առաջ սենատորի վերջին խոշոր քայլը Կիև կատարած ուղևորությունն էր, որտեղ նա հասել էր համաձայնության ռուսական նավթ, գազ և արտահանման այլ ապրանքներ գնող երկրների դեմ պատժամիջոցների փաթեթի շուրջ։

ԱՄՆ ժամանելուց հետո Զելենսկին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ իր գլխավոր առաջնահերթությունը «հակահրթիռային պաշտպանությունը և Ամերիկայի հետ ռազմավարական համագործակցությունն է»։

«Անհրաժեշտ է մոտեցնել խաղաղությունը»,- գրել է Ուկրաինայի նախագահը հանդիպումից առաջ, ինչից հետո երեքշաբթի առավոտյան մուտք է գործել Սպիտակ տուն։

ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը, անանունության պայմանով մեկնաբանելով դռնփակ հանդիպումը, հայտարարել է, որ Թրամփը մտադիր է կենտրոնանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «ընթացիկ խաղաղ գործընթացի» վրա։

Source: https://news.am/hy/news/1052125