Ֆրանսիայի հարավում գտնվող Օրանժ քաղաքում ոստիկանությունը ոսկորներ և քայքայված դի է հայտնաբերել, որոնք, ենթադրաբար, պատկանում են հինգ նորածնի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դատախազության աղբյուրներին։
Բացահայտումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 32-ամյա կինը, որն արդեն ունի 8 և 9 տարեկան երկու երեխա, կիրակի երեխա է լույս աշխարհ բերել։
Դատախազության տվյալներով՝ կնոջ զուգընկերը, իմանալով շատ ուշ շրջանում նրա հղիության մասին և ուժեղ ցնցման մեջ սկսել է զննել տունը։ Որոնումների ժամանակ նա հայտնաբերել է մարդկային աճյունների նմանվող առարկաներ, ինչից հետո դրա մասին հայտնել է իշխանություններին այն հիվանդանոցի միջոցով, որտեղ գտնվում էր կինը։
Զույգի տան խուզարկությունից հետո ոստիկանությունը երկուշաբթի քրեական հետաքննություն է սկսել՝ սպանության կասկածանքով։
Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը նախնական կարգով պարզել է, որ հայտնաբերված ոսկորները և քայքայված դին, ըստ ամենայնի, հինգ նորածինների աճյուններ են։
Տղամարդը, որը նույնպես 32 տարեկան է, քննիչներին հայտնել է, որ ոչինչ չի իմացել իր զուգընկերուհու հնարավոր հղիությունների մասին։
Դատախազությունը երեխաների պաշտպանության ծառայություններին հանձնարարել է հրատապ գնահատել զույգի ութ և ինը տարեկան երկու երեխաների վիճակը։ Բացի դրանից, կիրակի օրը ծնված երեխայի նկատմամբ՝ նրան պետության պաշտպանության տակ վերցնելու վերաբերյալ ժամանակավոր որոշում է ընդունվել, մինչև գործը կհանձնվի անչափահասների գործերով դատավորին։
Երեխայի մայրը մնում է հիվանդանոցում։ Նրան այնտեղ են տեղափոխել տնային ծննդաբերությունից մեկ օր անց։ Ներկա պահին քննիչները դեռ չեն կարողացել հարցաքննել կնոջը։ Չի հաղորդվում՝ արդյոք նրան փաստաբան տրամադրվե՞լ է, թե՞ ոչ։
Դատախազությունը հայտնաբերված դիակի դիահերձում է նշանակել։ Հայտնաբերված ոսկորները կուղարկվեն մարդաբանական հետազոտության՝ մասնագիտացված լաբորատորիա։
Source: https://news.am/hy/news/1052126