ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավարտել են Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպումը, որը տևել է մոտ մեկուկես ժամ, հաղորդում է The Times of Israel-ը։
ԱՄՆ վարչակազմում հայտարարել են, որ բանակցություններն անցել են «դրական և արդյունավետ»։
Սպիտակ տան տվյալներով՝ հանդիպումն ավարտվել է տեղական ժամանակով մոտ 12:25-ին, որից հետո Նեթանյահուն լքել է նախագահի նստավայրի շենքը։
Բանակցություններին մասնակցել են նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և ԱՄՆ-ի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Իսրայելի վարչապետի գրասենյակի հրապարակած լուսանկարներում երևում է, թե ինչպես են Նեթանյահուն և Ռուբիոն ձեռք սեղմում Օվալաձև աշխատասենյակում, ինչպես նաև Թրամփի, Նեթանյահուի և Վենսի համատեղ կադրերը։
Բանակցությունների բովանդակության վերաբերյալ պաշտոնական մանրամասներ հանդիպումից անմիջապես հետո չեն հրապարակվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաջնորդները ծրագրում էին քննարկել Իրանի շուրջ իրավիճակը, Լիբանանի հարավում իսրայելական ուժերի ներկայությունը և արաբական երկրների հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնումը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը միաժամանակ հայտարարել է, որ Թրամփի և Նեթանյահուի հանդիպումը, ինչպես նաև ամերիկյան նախագահի առանձին բանակցությունները ուկրաինացի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ «դրական և արդյունավետ» են եղել:
Source: https://news.am/hy/news/1052150