Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը դատախազությունը հաստատել և ուղարկել է դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Գործը երեկ մուտքագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։

Դատարան ուղարկված գործով մեղադրյալի կարգավիճակում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Նաթան, Հայկազուն, Մակար, Հովնան, Մուշեղ Սրբազանները։

Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ իբրև Արման Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Մասնավորապես, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, այլևս կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն իր ավազանի անունով՝ Արման Սարոյան, հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը: Հայցադիմումը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից։ Վերջինս նաև բավարարել է հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը՝ ժամանակավորապես վերականգնելով եպիսկոպոսին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Այս որոշումից հետո իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել՝ իբրև դատական ակտը չկատարելու համար, ինչի հետևանքով Գերագույն հոգևոր խորհդի անդամների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել, արգելվել նրանց ելքը՝ ՀՀ-ից։

Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ քրեական հետապնդում է հարուցվել նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ, նրա նկատմամբ ևս խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Source: https://news.am/hy/news/1052157