ՄԱԿ-ի խաղաղապահները Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Լիբանանի հարավային Հուլա գյուղում հայտնաբերել են մոտ 4 տոննա պայթուցիկ նյութեր, գլխավորապես ամոնիումի նիտրատի հիմքով։ Դրա մասին երեքշաբթի հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր առաքելությունը (UNIFIL), հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Առաքելության տվյալներով՝ հուլիսի 2-ին Հուլայի շրջանում «երթուղու պլանային ստուգման» ժամանակ խաղաղապահները շենքերից մեկում գտել են 385 բեռնարկղեր՝ մոտ 4000 կիլոգրամ պայթուցիկ նյութով, որի հիմնական բաղադրիչը եղել են ամոնիումի նիտրատի միացությունները։

UNIFIL-ի մասնագետները հետագայում նյութի վնասազերծման աշխատանքներ են իրականացրել՝ այն դարձնելով անվտանգ և վերացնելով դրա սպառնալիքը։

Ֆրանսպրես գործակալության իրավիճակին ծանոթ աղբյուրն անանունության պայմանով հայտնել է, որ բեռնակղերի վրա եղել են եբրայերեն գրառումներ, և որ դրանք, հավանաբար, օգտագործվել են պայթեցման աշխատանքներ իրականացնելու համար։

Հուլան գտնվում է Լիբանանի հարավում գտնվող սահմանամերձ գոտում, որը ձգվում է մոտ 10 կիլոմետր երկրի տարածքի խորքը՝ Իսրայելի հետ սահմանի երկայնքով։ Իսրայելական զորքերը, որոնք այս շրջան են մտել «Հըզբոլլահ» շարժման հետ վերջին հակամարտության ընթացքում, շարունակում են այնտեղ գործողությունները և նախազգուշացնում բնակիչներին չվերադառնալ իրենց տները։

Տարածաշրջանում լարվածությունը կտրուկ աճեց այն բանից հետո, երբ Իրանի աջակցություն վայելող «Հըզբոլլահը» մարտի 2-ին հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին՝ ի աջակցություն Թեհրանի։ Ի պատասխան՝ Իսրայելն անցկացրեց լայնամասշտաբ ավիահարվածներ և ցամաքային գործողություն Լիբանանում։

Թեև տարածաշրջանային հակամարտության դադարեցման մասին ամերիկա-իրանական հուշագրի և Լիբանանի ու Իսրայելի միջև առանձին համաձայնագրի կնքումից հետո մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, լիբանանյան իշխանությունները շարունակում են հայտնել սահմանամերձ բնակավայրերում շենքերի պայթեցումների և ավերման մասին։

Լիբանանի պետական լրատվական գործակալությունը հայտնում էր, որ միայն հուլիսին իսրայելական ուժերը չորս անգամ պայթեցումներ են իրականացրել Հուլայի շրջանում։ Գյուղի համայնքապետարանն ավելի վաղ դատապարտել էր բնակելի տների, հասարակական շենքերի և մասնավոր սեփականության ավերումը։

Ամոնիումի նիտրատի հայտնաբերումն առանձնահատուկ տագնապ է առաջացրել Լիբանանում Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգության պատճառով։ 2020 թվականի օգոստոսի 4-ին այդ նյութի մեծ պաշարներով պահեստը, որը տարիներ շարունակ պահվում էր անվտանգության կանոնների խախտումներով, պայթեց երկրի մայրաքաղաքում։

Պայթյունի հետևանքով զոհվեց ավելի քան 220 մարդ, ավելի քան 6500-ը ստացան վիրավորումներ, իսկ Բեյրութի զգալի մասը ավերվեց։

Source: https://news.am/hy/news/1052143