ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի և նրա գրական համահեղինակ Մարկ Զվոնիցերի զրույցների ձայնագրությունները ցույց են տալիս, որ որոշ զրույցներում Բայդենի մոտ առաջացել են հիշողության կարճատև կորուստներ, չնայած այն հանգամանքին, որ նա մանրամասնորեն քննարկել է արտաքին քաղաքականության հարցեր, պարզել է Bloomberg գործակալությունը։

Զրույցներում նա նաև իրեն թույլ է տվել անկեղծորեն քննադատել նախագահական քարոզարշավի իր նախկին գործընկերոջը՝ Բարաք Օբամային։

2017 թվականի ապրիլին անցկացված զրույցներից մեկում Բայդենը, խոսելով Չինաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու՝ Օբամայի վարչակազմի դժկամության մասին, հայտարարել է.

«Մեր մեջ ասած՝ Օբաման միշտ հանգում էր ճիշտ որոշման, բայց մեկ օր ուշ և մեկ դոլար պակաս»։

Ընդ որում, Բայդենը հավելել է, որ վստահ չէ՝ արդյոք ինքը կկարողանա՞ր ավելի արագ գործել, եթե լիներ ԱՄՆ նախագահի պաշտոնում։

«Հնարավոր է, եթե ես լինեի նախագահ, ինձ էլ չհերիքեր համարձակությունը դա անելու համար»,- հայտարարել է նա։

Գործակալության աղբյուրների տվյալներով՝ ձայնագրություններն արվել են Բայդենի հուշագրությունների վրա տարվող աշխատանքների շրջանակում։ Զրույցներում նա նաև հանգամանորեն պատմել է միջազգային քաղաքականության մասին, սակայն որոշ հատվածներ, ինչպես պնդվում է, պարունակում են պահեր, երբ նա դժվարացել է վերհիշել որոշ մանրամասներ կամ իրադարձություններ։

Բայդենը Օբամայի օրոք զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը 2009-2017 թվականը, իսկ այնուհետև 2021 թվականին դարձել է երկրի 46-րդ նախագահը։

Source: https://news.am/hy/news/1052147