ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել է Վաշինգտոնի ազգային տաճարում սենատոր Լինդսի Գրեմի հրաժեշտի արարողությանը, հայտնում է CBS News-ը։
Սպիտակ տան ղեկավարը սգո արարողությանը ժամանել է դրա մեկնարկից քիչ առաջ, ողջունել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և տեղ զբաղեցրել առաջին շարքում։
Արարողության մեկնարկից առաջ լրագրողների ուշադրությունը գրավել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի զրույցը։ Երկու առաջնորդներն ավելի վաղ նույն օրը առանձին հանդիպումներ էին ունեցել Թրամփի հետ Սպիտակ տանը։ Նրանց զրույցի բովանդակության մասին չի հաղորդվում։ Ավելի ուշ Նեթանյահուն զրուցել է նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերի հետ։
Ելույթ ունենալով արարողությանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Լինդսի Գրեմին անվանել է մի մարդ, որը «կարող էր համամիտ չլինել ձեզ հետ՝ միաժամանակ չդառնալով տհաճ զրուցակից»։ Նա պատմել է, որ մի անգամ Ուկրաինայի հարցով Գրեմի հետ կատաղի վեճից հետո համոզված է եղել, որ կորցրել է նրա աջակցությունն օրինագծերից մեկի հարցում, սակայն ավելի ուշ իմացել է, որ սենատորն ակտիվորեն առաջ է մղել այդ նախաձեռնությունը։ Այն հարցին, թե ինչու է նա դա արել, Գրեմը պատասխանել է.
«Ինձ համար միանգամայն միևնույն է այդ օրինագիծը։ Բայց քեզ համար՝ ոչ»։
Վենսը հայտարարել է նաև, որ հենց Գրեմն է վճռորոշ դեր խաղացել ԱՄՆ Գերագույն դատարանում Բրեթ Քավանոյի թեկնածության հաստատման գործում՝ կոշտ հանդես գալով հաստատման ընթացակարգի ժամանակ դատավորի հասցեին հնչած մեղադրանքների դեմ։
Source: https://news.am/hy/news/1052160