Գերմանիան Աֆղանստանում «Թալիբան» շարժման՝ իշխանության վերադառնալուց ի վեր առաջին անգամ արտաքսել է այդ երկրի քաղաքացու, որը դատվածություն չի ունեցել։ Որոշման մասին երեքշաբթի հայտնել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը, հաղորդում է Reuters գործակալությունը։
Նախարարը նշել է, որ տղամարդը ենթակա էր արտաքսման Գերմանիայում ապաստան ստանալու բոլոր հնարավորությունները սպառելուց հետո։
Ինչպես հայտնել է Դոբրինդտը, ավելի վաղ տղամարդը փորձել է հաստատվել եվրոպական մեկ այլ երկրում, սակայն պարզվել է, որ նա այնտեղ անօրինական է գտնվել։ Գերմանիա վերադառնալուց հետո նրան արտաքսել են Աֆղանստան։
Նա Աֆղանստանի այն 31 քաղաքացիներից մեկն էր, որոնք երեքշաբթի ուղարկվել են հատուկ չվերթով։ Մնացած 30 հոգին դատվածություն են ունեցել։
2021 թվականին «Թալիբանի» իշխանության գալուց հետո Աֆղանստանի քաղաքացիների արտաքսումը մնում է վիճելի թեմա՝ մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի և վերադարձված անձանց նկատմամբ հնարավոր վերաբերմունքի շուրջ մտահոգությունների պատճառով։
2024 թվականին դեպի Աֆղանստան արտաքսումների վերսկսումից ի վեր Գերմանիան հետ է ուղարկել ավելի քան 200 մարդու։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ արտաքսվածներից առնվազն մեկը հետագայում սպանվել է։
Source: https://news.am/hy/news/1052133