Ֆրանսիայում և Իսպանիայում շարունակվում է վերջին տարիների ամենախոշոր հրդեհային ճգնաժամերից մեկը։ Ֆրանսիայի իշխանությունները երեքշաբթի հրահանգել են Ատլանտյան ափի զբոսաշրջային շրջաններից տարհանել գրեթե 4 հազար մարդու, քանի որ շոգի վերադարձը բարդացրել է Բորդոյից արևմուտք մոլեգնող խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարը, հայտնում է Associated Press-ը։

Ժիրոնդ դեպարտամենտում հրդեհի օջախը հաջողվել է ժամանակավորապես զսպել հանգիստ գիշերվանից հետո։ Հրշեջներին հաջողվել է վերահսկողության տակ առնել առափնյա դյունների մոտ առաջացած նոր օջախները, իսկ այրված տարածքի մակերեսը առայժմ մնում է մոտ 420 քառ. կմ մակարդակի վրա։

Սակայն իշխանությունները իրավիճակը բնութագրում են միայն որպես «կայունացված», այլ ոչ թե ամբողջությամբ վերահսկվող։ Ջերմաստիճանի բարձրացման և խոնավության նվազման դեպքում կրակը կարող է կրկին տարածվել։

Տարհանումը վերաբերվել է ճամբարային տարածքներին, զբոսաշրջային գյուղերին, հյուրանոցային համալիրներին և Լականո առողջարանի շրջակայքի հանգստի գոտիներին՝ ներառյալ Լականո-Օսեան շրջանը և Լականո լճի ափերը։

«Մենք գտնվում ենք խոցելի իրավիճակում։ Մենք կշարունակենք պայքարել հրդեհի դեմ՝ չնայած սպասվող ջերմաստիճանի բարձրացմանը», — հայտարարել է Ֆրանսիայի հրշեջների ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Էրիկ Բրոկարդին։

Իշխանությունների տվյալներով՝ Բորդոյի մոտակայքում գտնվող Լանդ-դը-Գասկոնի անտառի շրջանում կրակը ոչնչացրել է մոտ 42 հազար հեկտար անտառ։ Այս տարածաշրջանը համարվում է անտառային արդյունաբերության կարևոր կենտրոն և Եվրոպայում ծովային սոճիների խոշորագույն զանգվածներից մեկը։

Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը Ժիրոնդում շոգի պատճառով հայտարարել է նախազգուշացման «դեղին» մակարդակ։ Ներքին շրջաններում սպասվում է մինչև 33–35 աստիճան ըստ Ցելսիուսի, իսկ շոգի, քամու և ցածր խոնավության համադրությունը մեծացնում է նոր հրդեհների վտանգը։

Տարվա սկզբից ի վեր Ֆրանսիայում այրվել է ավելի քան 1160 քառ. կմ տարածք, հայտնել են ՆԳ նախարարությունից։

Ժիրոնդում հրդեհը շարունակվում է անցյալ շաբաթվանից և առանձնանում է բարձր անկանխատեսելիությամբ։ Որոշ դեպքերում այն վերածվել է հզոր կրակային փոթորիկների։ Այրված տարածքների մակերեսն արդեն չորս անգամ գերազանցում է Փարիզի տարածքը։ Այս հրդեհի պատճառով ավելի վաղ տարհանվել էր մոտ 220 հազար մարդ։

Իշխանությունները նախազգուշացնում են, որ ծխացող բուսականությունը, ջերմաստիճանի աճը և օդի չորությունը կարող են հանգեցնել հրդեհի նոր օջախների առաջացման։ Ռազմական ինժեներներն ու անտառային հրդեհների կանխարգելման մասնագետները շարունակում են ստեղծել հակահրդեհային շերտեր։ Այս պահին պատրաստվել է նման պատնեշների մոտ 103 կմ։

Ընդհանուր առմամբ Ֆրանսիայում տուժել է 93 հրշեջ։

Հարևան Լանդ շրջանում արդեն սկսել են տուն վերադառնալ հազարավոր տարհանված բնակիչներ այն բանից հետո, երբ մեկ այլ խոշոր հրդեհ դադարել է տարածվել։ Այդ օջախը ստիպել էր տները լքել ավելի քան 30 հազար բնակչի և զբոսաշրջիկի։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Լանդերում հրդեհը «կանգնեցվել է», սակայն իշխանությունները շեշտում են, որ այն ամբողջությամբ մարված չէ։ Ծխացող հատվածները, քամին և երաշտը կարող են նոր բռնկումներ առաջացնել, ուստի իրավիճակի դիտարկումը կշարունակվի ևս մի քանի օր կամ շաբաթ։

Մինչդեռ Իսպանիայում հարյուրավոր հրշեջներ՝ զինվորական ստորաբաժանումների և ավիացիայի աջակցությամբ, շարունակում են պայքարել մի քանի խոշոր անտառային հրդեհների դեմ։

Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկան հայտարարել է, որ հրշեջների գիշերային աշխատանքը տվել է «չափավոր դրական արդյունք», սակայն զգուշացրել է նոր շոգի ալիքի պատճառով իրավիճակի հնարավոր վատթարացման մասին։

Իսպանիայի օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ երկիրը պատրաստվում է այս ամռան չորրորդ շոգի ալիքին, ընդ որում որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է գերազանցել 40 աստիճան Ցելսիուսը։

Իսպանիայում հրդեհների պատճառով արդեն տարհանվել է մոտ 79 հազար մարդ, ևս մոտ 30 հազար բնակչի հրահանգվել է մնալ տանը։ Կառավարությունը հայտարարել է ազգային մակարդակի արտակարգ իրավիճակ։

Ամենամեծ անհանգստությունն առաջացնում են Մադրիդից արևմուտք գտնվող երկու խոշոր հրդեհներ, որոնք որոշ վայրերում, հնարավոր է, միավորվել են մեկ օջախի մեջ։ Եվս մեկ հրդեհ Կաստելիոն նահանգում նույնպես հանգեցրել է զանգվածային տարհանման։

Իսպանիայի պատմության մեջ ամենախոշորը դարձել է Մադրիդից արևմուտք գտնվող Ավիլա նահանգի հրդեհը՝ այն ոչնչացրել է ավելի քան 500 քառ. կմ տարածք։

Ըստ Իսպանիայի էկոլոգիայի նախարար Սառա Ագեսենի՝ տարվա սկզբից ի վեր հրդեհները ոչնչացրել են երկրի մոտ 1530 քառ. կմ տարածք։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կոչ է արել կնքել ազգային համաձայնագիր անտառային հրդեհների դեմ պայքարի վերաբերյալ՝ նշելով, որ կլիմայի փոփոխությունն ուժեղացնում է նման երևույթների մասշտաբն ու կործանարարությունը։

Source: https://news.am/hy/news/1052123