Իտալիայում 2025 թվականին ծնվել է ընդամենը 355 հազար երեխա, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Ծնելիության գործակիցը մեկ կնոջ հաշվով նվազել է մինչև 1,14 երեխա, հայտնում է Ansa գործակալությունը։
Այս տվյալները ներառված են «Natalità 2026: Volere o Potere» («Ծնելիություն 2026. Ցանկանալ, թե կարողանալ») զեկույցում, որը պատրաստել է Ծնելիության հիմնադրամի և Իտալիայի Ազգային վիճակագրական ինստիտուտը (Istat)։ Փաստաթուղթը ներկայացվել է Ծնելիության հիմնադրամի ղեկավար Ջիջի Դե Պալոյի, Istat-ի նախագահ Ֆրանչեսկո Մարիա Չելլիի և Սոցիալական ապահովության ազգային ինստիտուտի (Inps) գլխավոր տնօրեն Վալերիա Վիտտիմբերգայի մասնակցությամբ անցկացված միջոցառման ժամանակ։
Ըստ հետազոտության՝ եթե իտալուհիների՝ երեխաներ ունենալու հայտարարված ծրագրերն իրականանային, ապա 2025 թվականին երկրում կարող էր լույս աշխարհ գալ շուրջ 760 հազար նորածին՝ ավելի քան երկու անգամ շատ փաստացի ցուցանիշից։
Ընդ որում, հարցվածների միայն 5,5%-ն է նշել, որ ծնող դառնալն իրենց կյանքի ծրագրերի մեջ չի մտնում։ Մեկ այլ երեխա ունենալուց հրաժարվածների մեծամասնությունը մատնանշել է տնտեսական, աշխատանքային և սոցիալական խոչընդոտները։
Մոտ 2,8 միլիոն իտալացիներ երեխաներ ունենալու գլխավոր խոչընդոտ են նշել ֆինանսական դժվարությունները և աշխատաշուկայում առկա անկայունությունը։ Կանանց գրեթե կեսը (49,9%) վախենում է իրենց կարիերայի վրա մայրության բացասական հետևանքներից։ Տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է 24%։
Լրացուցիչ խնդիր է շարունակում մնալ սոցիալական աջակցության համակարգի ծանրաբեռնվածությունը։ Ավելի քան 3 միլիոն կին չի աշխատում ընտանեկան հանգամանքների պատճառով, մինչդեռ տղամարդկանց շրջանում նման դեպքերը մոտ 151 հազար են: Եվս 763 հազար մարդ հայտնել է, որ հրաժարվում է երեխաներ ունենալ տարեց ծնողներին խնամելու անհրաժեշտության պատճառով:
Զեկույցի հեղինակները նշում են, որ Իտալիան բախվում է բնակչության արագացող ծերացման և աճող ժողովրդագրական անհավասարակշռության հետ։ 2025 թվականին 355 հազար ծնունդների ֆոնին գրանցվել է 652 հազար մահ, ինչը հանգեցրել է բնակչության բնական նվազման գրեթե 297 հազար մարդով։
«Մի կողմից՝ Իտալիան ունի աշխարհում կյանքի ամենաբարձր տևողություններից մեկը՝ 83,4 տարի։ Մյուս կողմից՝ այդ ձեռքբերումն ավելի ու ավելի է ծանրաբեռնում առողջապահության, սոցիալական աջակցության և կենսաթոշակային համակարգերի կայունությունը»,- նշվում է զեկույցում։
Source: https://news.am/hy/news/1052121