Եվրամիությունը երեքշաբթի դատապարտել է այս ամիս Թեհրանում երկու ֆրանսիացի դիվանագետների նկատմամբ իրանական անվտանգության ուժերի դրսևորած «ագրեսիան», հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։

«ԵՄ-ն միանշանակ դատապարտում է հուլիսի 19-ին Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան երկու դիվանագետների վրա իրանական անվտանգության ուժերի կողմից իրականացված հարձակումը»,- հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

Նրա խոսքով՝ նման գործողությունները «Վիեննայի կոնվենցիաների ակնհայտ խախտում» են և վտանգում են դիվանագիտական հարաբերությունների բուն հիմքը։

Ավելի վաղ Ֆրանսիան հայտարարել էր, որ իր դիվանագետները ենթարկվել են «ահաբեկման չափազանց լուրջ ակտի» իրանական անվտանգության ուժերի կողմից։ Ըստ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոյի՝ դեսպանատան աշխատակիցներից մեկը ենթարկվել է ֆիզիկական բռնության։

«Երկու դիվանագետներն առանց բացատրության ձերբակալվել են մի քանի ժամով, հարցաքննվել, իսկ նրանցից մեկը ենթարկվել է ֆիզիկական բռնության։ Դրանից հետո նրանք կարողացել են վերադառնալ դեսպանատուն»,- հայտնել է Բարրոն հուլիսի 20-ի իր հայտարարության մեջ։

Երկուշաբթի Իրանի ԱԳՆ-ն կանչել է Ֆրանսիայի դեսպանին՝ ֆրանսիացի դիվանագետների գործողությունների կապակցությամբ բողոք հայտնելու համար։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ դեսպանատան աշխատակիցները «միջամտել են Իրանի ներքին գործերին՝ քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցության պատրվակով»։

Source: https://news.am/hy/news/1052120