Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը երեքշաբթի հայտարարել է, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռներն օգտագործել են իսրայելական ռազմաբազաները Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների ժամանակ։ Նա միաժամանակ կրկին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատրաստ է պատասխան հարված հասցնել իր տարածքի վրա հարձակման դեպքում։
ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունները դադարեցվել են ուրբաթ օրվանից՝ Իսլամական Հանրապետության ուղղությամբ 13 գիշեր տևած ամերիկյան հարվածներից հետո։ Դրան նախորդել էր ապրիլին կնքված հրադադարի մասին համաձայնագրի տապալումը։
Իսրայելն անմիջական մասնակցություն չի ունեցել ռազմական գործողությունների վերջին փուլին, որոնք սկսվել էին փետրվարի վերջին՝ Իրանի ուղղությամբ ամերիկա-իսրայելական համատեղ հարվածների շարքով։
«Փաստն այն է, որ տվյալ պահին (թեև դա կարող է փոխվել արդեն մեկ ժամից) իրանցիները տարածաշրջանում գնդակոծում են ամեն ինչ, բացի մեկ երկրից՝ Իսրայել պետությունից»,- հայտարարել է Կացը 14-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Նրանք գիտեն, որ ամերիկյան ինքնաթիռներն այստեղից են օդ բարձրանում հարվածներ հասցնելու համար»,- հավելել է նախարարը։
Ըստ Կացի՝ դա չի նշանակում, թե իրավիճակը չի կարող փոխվել մոտ ժամանակներս, սակայն Իսրայելն արդեն որոշել է իր պատասխանը հնարավոր հարձակումներին։
«Դա չի նշանակում, որ մենք գիտենք, թե ինչ կլինի վաղը։ Դա նշանակում է, որ մենք գիտենք, թե ինչպիսին կլինի մեր պատասխանը։ Ես հայտարարել եմ դրա մասին, վարչապետը հայտարարել է դրա մասին, և մենք միանգամայն պարզ հասկացրել ենք. եթե Իսրայելը գնդակոծության ենթարկվի, մենք պատասխան հարված կհասցնենք մեր ամբողջ ուժով»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի լավատեսություն է հայտնել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերման հնարավորության վերաբերյալ։ Ընդ որում, կողմերն արդեն երրորդ օրն անընդմեջ պահպանում էին հրադադարի ռեժիմը։
Source: https://news.am/hy/news/1052115