Սպիտակ տունը «խորապես մտահոգված է» Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի պաշտոնում Էդվարդ Միլիբենդի նշանակմամբ: Դոնալդ Թրամփին հիշեցրել են այն կոշտ և քննադատական արտահայտությունների մասին, որոնք լեյբորիստների նախկին առաջնորդն անցյալում թույլ է տվել իր հասցեին:

Նոր վարչապետ Էնդի Բըրնհեմը զգուշացում է ստացել, որ Միլիբենդին սպասվում է Վաշինգտոնի հետ հարաբերություններում «սխալների վրա լուրջ դիվանագիտական աշխատանք», երբ երկուշաբթի նրա նշանակումը կտրուկ դժգոհություն է առաջացրել Թրամփի վարչակազմում:

Ավելի վաղ էներգետիկայի նախկին նախարարը բազմիցս հեռակա բանավեճի մեջ է մտել Թրամփի հետ կլիմայական քաղաքականության և դեմոկրատական ինստիտուտների հարցերով, իսկ 2016 թվականին հրապարակավ ամերիկյան նախագահին անվանել է «ռասիստ, կնատյաց և ինքնահռչակ ոտնձգիչ»:

ԱՄՆ նախագահին մոտ կանգնած աղբյուրը The Independent պարբերականին հայտնել է. «Այս նշանակումը անկեղծ վրդովմունք է առաջացրել»:

Քաղաքական գործիչների միջև հարաբերությունները լարված են մնում արդեն ավելի քան մեկ տասնամյակ: Դեռ ավելի վաղ Միլիբենդը հայտարարում էր. «Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ տանը և արտերկրում՝ թրամփիզմի վատթարագույն դրսևորումներին դիմակայելու համար... Մութ ժամանակներ են վրա հասել Ամերիկայի և ամբողջ աշխարհի համար»:

2017 թվականին նա հայտարարեց, որ Թրամփը «ցածրացրել է հիմարության նշագիծը», իսկ ավելի ուշ մասնակցեց Լոնդոնում Stop Trump բողոքի երթին: Նա միաժամանակ քննադատում էր Թրամփին «Ռուսաստանի հետ ծայրահեղ տարօրինակ հարաբերությունների» համար և նրան մեղադրում քաղաքական չափանիշների նվազեցման մեջ:

Իր հերթին Թրամփը կոշտ քննադատության էր ենթարկում Միլիբենդի «կանաչ մոլեռանդությունը»՝ նրան մեղադրելով Հյուսիսային ծովում Մեծ Բրիտանիայի նավթի և գազի արդյունահանման ընդլայնումը բլոկավորելու մեջ:

Թրամփի զինակիցներից մեկը The Independent-ին ասել է. «Թրամփը ոչինչ չի մոռանում: Եվ դա նույնպես նա չի մոռանա: Միլիբենդին ահռելի աշխատանք է սպասվում, որպեսզի վերականգնի դիվանագիտական շփումը»:

Սպիտակ տան և ԱՄՆ Պետքարտուղարության հետ համագործակցող խորհրդատուն ավելացրել է. «Այս նշանակումը ընդունվել է սրերով: ԱՄՆ կառավարությունում Մեծ Բրիտանիային այլևս լուրջ չեն ընդունում: Էդ Միլիբենդը Վաշինգտոնում հայտնի է բացառապես բացասական կողմից՝ որպես անզիջում էկո-ռադիկալ»:

ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները հիշեցրել են նաև, որ ինքը՝ նոր վարչապետ Էնդի Բըրնհեմը, 2021 թվականին հայտարարում էր. «Ցանկացած բրիտանացի քաղաքական գործիչ, որը սեղմել է Թրամփի ձեռքը, պետք է ամոթից գետին մտնի»:

The Independent-ի տվյալներով՝ Բըրնհեմը Միլիբենդին Ֆորին օֆիսի ղեկավար է նշանակել նաև նրա համար, որպեսզի բարեփոխի գերատեսչությունը Մեծ Բրիտանիայի կլիմայական նպատակների շուրջ և ուղի գտնի միջազգային օգնության ծախսերը մինչև ՀՆԱ-ի 0,7%-ը վերականգնելու համար, որոնք կրճատվել էին Քիր Ստարմերի օրոք:

Վաշինգտոնում լրացուցիչ գրգռիչ գործոն են մնում 2013 թվականի իրադարձությունները, երբ Միլիբենդը, լինելով ընդդիմության առաջնորդ, հետ կանչեց աջակցությունը Սիրիայում Ասադի դեմ ռազմական գործողությանը, ինչի պատճառով կառավարական նախաձեռնությունը տապալվեց խորհրդարանում, իսկ ԱՄՆ-ը մնաց առանց առանցքային դաշնակցի:

Source: https://news.am/hy/news/1051032