ԱՄՆ ցամաքային զորքերի մարտական կարողությունների մշակման հրամանատարության Բանակային հետազոտական լաբորատորիայի (DEVCOM ARL) գիտնականների խումբը նոր քվանտային սենսոր է ստեղծել, որի օգնությամբ կարելի է որոշել ռադիոհաճախականային էլեկտրամագնիսական դաշտերի տարածման ուղղությունը երեք չափումներում:

Հետազոտողների բնորոշմամբ՝ նման սենսորը կարող է բարելավել իրավիճակային իրազեկվածությունը, պաշտպանված կապը և որոշումների ընդունումը մարտի դաշտում: Սենսորի աշխատանքը հիմնված է ռիդբերգյան ատոմների վրա. դրանց արտաքին էլեկտրոնը գտնվում է բարձր գրգռված վիճակում, ինչը նման ատոմներին էլեկտրական դաշտերի նկատմամբ չափազանց զգայուն է դարձնում, գրում է «Техкульт»-ը:

Սարքը կարող է որոշել ոչ միայն էլեկտրամագնիսական դաշտի լարվածությունը, այլև այսպես կոչված k-վեկտորի ուղղությունը: Ի տարբերություն սովորական սենսորների, որոնք էլեկտրամագնիսական դաշտի ուժգնությունը չափում են միայն մեկ ուղղությամբ, քվանտային սենսորը «տեսնում է» էլեկտրամագնիսական դաշտի ուղղությունն ու շարժումը՝ ձևավորելով եռաչափ «պատկեր»:

Սենսորի հիմքը ռուբիդիումի ատոմների գոլորշիով լցված փոքրիկ ապակյա խցիկն է: Լազերային ճառագայթների ազդեցության տակ այդ ատոմները փոխադրվում են ռիդբերգյան վիճակի: Երբ ռադիոալիքն անցնում է խցիկի միջով, ատոմները արձագանքում են դրան, ինչը հնարավորություն է տալիս որոշել դաշտի ուժգնությունը, ուղղությունը և շարժումը երեք չափումներում:

Սենսորի չափսն ընդամենը մի քանի սանտիմետր է, սակայն այն հնարավորություն է տալիս որոշել մուտքային ազդանշանների ուղղությունը մոտ երկու աստիճանի ճշգրտությամբ և կարող է օգնել տեղորոշել ռադիոհաճախականային ազդանշանների աղբյուրները բարդ էլեկտրամագնիսական իրադրությունում:

Source: https://news.am/hy/news/1051174