Ի՞նչն է երկիրը դարձնում իսկապես հարմարավետ վայր ապրելու համար: Այս հարցի պատասխանը փորձել են տալ Best Countries 2026 վարկանիշի հեղինակները, որը պատրաստել է Ուորթոնի բիզնես դպրոցը: Հետազոտությունը հիմնված է 33 երկրների 15 հազար 131 չափահաս հարցվածների հարցման վրա և արտացոլում է մարդկանց պատկերացումներն այն մասին, թե որտեղ է այսօր ապահովված կյանքի ամենաբարձր որակը:
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի գործոնների ընկալումները, ինչպիսիք են անվտանգությունը, առողջապահության և կրթության մակարդակը, տնտեսական հնարավորությունները, պետական ծառայությունների և սոցիալական ենթակառուցվածքների որակը, գրում է Naked Science-ը: Միաժամանակ հետազոտությունը ցույց է տալիս, թե որքան ուժեղ են այդ գնահատականները տարբերվում աշխարհի տարբեր տարածաշրջաններում:
2026 թվականի վարկանիշում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շվեդիան՝ փոքր-ինչ առաջ անցնելով Դանիայից և Կանադայից:
Ընդհանուր առմամբ վարկանիշը վստահորեն գլխավորում են եվրոպական պետությունները. 30 լավագույն երկրներից 20-ը հենց Եվրոպայում են:
Հետազոտությունն ընդգրկում է 85 պետություն, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին՝ ՀՆԱ-ի ծավալով, ուղղակի օտարերկրյա ներդրումների ներհոսքով, զբոսաշրջության զարգացմամբ կամ մարդկային զարգացման մակարդակով: Որպես էտալոն ընդունվել է Շվեդիան, որը ստացել է 100 ինդեքսը, իսկ մնացած երկրների ցուցանիշները հաշվարկվել են նրա արդյունքի համեմատ:
Վարկանիշի վերին հորիզոնականները զբաղեցնող պետություններն ունեն նմանատիպ առանձնահատկություններ՝ արդյունավետ պետական ինստիտուտներ, հասանելի առողջապահական համակարգ, հասարակական անվտանգության բարձր մակարդակ և քաղաքացիների զգալի վստահություն միմյանց ու իշխանության նկատմամբ: Հենց այդ որակներն են ձևավորել նրանց կայուն միջազգային համբավը՝ որպես ապրելու համար ամենանպաստավոր վայրեր:
Ստացված արդյունքները մեծապես համընկնում են միջազգային այլ հեղինակավոր հետազոտությունների հետ: Այսպես, Ֆինլանդիան արդեն իններորդ տարին անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում «Երջանկության մասին համաշխարհային զեկույցում», իսկ Դանիան, Նորվեգիան և Շվեդիան անփոփոխ ընդգրկվում են բարեկեցության, սոցիալական վստահության և կյանքից բավարարվածության մակարդակով համաշխարհային առաջատարների թվերում:
Կյանքի ամենացածր որակն ունեցող երկրները: Վարկանիշի վերջում հայտնված պետությունների համար բնորոշ են միևնույն խնդիրները՝ տևական զինված հակամարտություններ, պետական ինստիտուտների թուլություն և տնտեսական անկայունություն: Հենց այդ գործոններն են մեծապես որոշում նրանց միջազգային ընկալումը:
Վարկանիշում վերջին տեղը զբաղեցրել է Ուկրաինան: Նրան հաջորդում են Իրանն ու Լիբանանը, որտեղ երկարատև քաղաքական և տնտեսական անկայունությունը շարունակում է բացասաբար անդրադառնալ բնակչության կյանքի մակարդակի վրա:
Հետազոտությունն ընդգծում է, որ միայն տնտեսական հզորությունն այլևս բավարար չէ կյանքի բարձր որակ ունեցող երկրի կերպար ձևավորելու համար: Այսօր համաշխարհային կողմնորոշիչներ են դառնում այն պետությունները, որոնք ունակ են ապահովել պետական ինստիտուտների արդյունավետ աշխատանք, հասանելի առողջապահություն, անվտանգություն, սոցիալական աջակցության զարգացած համակարգ և հասարակական վստահության բարձր մակարդակ:
Source: https://news.am/hy/news/1051178