Բրիտանացի նախկին նախարար Էնն Ուիդդեքոմբը սպանվել է տղամարդու կողմից, ով նրա գլխին մուրճով 21 հարված է հասցրել, մինչ նա ճաշում էր իր տանը, երեքշաբթի Լոնդոնի դատարանում հայտնել են դատախազները, հաղորդում է Reuters-ը:

78-ամյա Ուիդդեքոմբը, որը Նայջել Ֆարաժի Reform UK պոպուլիստական կուսակցության ակնառու դեմքերից էր, մահացած էր գտնվել Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող գյուղական վայրում տեղակայված իր տանը հուլիսի 9-ին՝ նախորդ օրը տեղի ունեցած հարձակումից հետո:

Սպանությունը ցնցել է բրիտանական քաղաքական համայնքը՝ կրկին բարձրացնելով քաղաքական գործիչների անվտանգության հարցերը այն պարագայում, երբ 2016 թվականից ի վեր երկրում խորհրդարանի երկու գործող անդամ է սպանվել:

28-ամյա Ջոշուա Քերին՝ Անգլիայի հյուսիսում գտնվող Ռոթերհեմից բրիտանացի քաղաքացի (Ուիդդեքոմբի տնից ավելի քան 400 կմ հեռավորության վրա), կանգնել է Լոնդոնի Վեստմինստերյան մագիստրատական դատարանի առջև՝ նախկին նախարարի սպանության մեղադրանքով: Մոխրագույն մարզահագուստ կրող մեղադրյալը հանդես չի եկել մեղքն ընդունելու կամ չընդունելու մասին հայտարարությամբ:

Օլդ Բեյլիի Կենտրոնական քրեական դատարանում հետագա լսումների ժամանակ Քերին կալանավորվել է մինչև հաջորդ նիստը, որը նախատեսված է հոկտեմբերին:

Ոստիկանությունում հայտարարել են, որ Ուիդդեքոմբի վրա հարձակումը համարում են թիրախավորված, սակայն հանցագործության շարժառիթները դեռևս հետաքննվում են: Դատախազները հավելել են, որ ահաբեկչության հետ հնարավոր կապի ստուգումը շարունակվում է:

Դատախազ Քաշիֆ Մալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Ուիդդեքոմբի տան ներսում տեղադրված տեսախցիկն արձանագրել է հարձակումը:

Ուիդդեքոմբը պետք է ուղիղ եթեր դուրս գար հեռուստատեսությամբ հուլիսի 8-ին իր տնից, սակայն այդպես էլ չի հայտնվել եթերում: Հաջորդ օրը նրա անձնական օգնականը խնդրել է այգեպանին ստուգել՝ արդյոք ամեն ինչ կարգին է, և վերջինս նրան հայտնաբերել է խոհանոցի հատակին:

Մալիքը դատարանին հայտնել է, որ առգրավված տեսագրություններում երևում է, թե ինչպես է Քերին մտնում Ուիդդեքոմբի տուն, մինչ նա ճաշում է, և հարցնում. «Դուք բանկային քարտեր և անձը հաստատող վկայական չունե՞ք»:

Սև ձեռնոցներ դրած Քերին մուրճը պահել էր կողքից, որպեսզի Ուիդդեքոմբը այն չտեսնի, ինչից հետո նրան 21 հարված է հասցրել: Դատախազը հավելել է, որ հարձակվողը Ուիդդեքոմբին աթոռից գցել է հատակին, վերցրել նրա քսակը և փախել՝ տանը գտնվելով մոտ երկու րոպե:

Էնն Ուիդդեքոմբը հայտնի էր իր սոցիալ-պահպանողական հայացքներով՝ սկզբում որպես կրտսեր նախարար պահպանողական Ջոն Մեյջորի կառավարությունում (1992–1997 թվականներին), իսկ այնուհետև՝ որպես Reform UK-ի ներգաղթի և արդարադատության հարցերով մամուլի քարտուղար:

2010 թվականին խորհրդարանից հեռանալուց հետո նա մասնակցել է մի շարք հեռուստատեսային ռեալիթի-շոուների, դրանց թվում՝ Strictly Come Dancing-ին:

Source: https://news.am/hy/news/1051030