«Fairford Movements» պորտալի տվյալներով՝ ներկայումս Մեծ Բրիտանիայի «Ֆերֆորդ» ռազմաօդային բազայում տեղակայված է ամերիկյան առնվազն 12 B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչ։

Ինչպես հայտնել էին Axios պորտալն ու բրիտանական The Telegraph թերթը, անցյալ շաբաթ այդ ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) թիրախներին։ Պենտագոնը դրանց կիրառումը պաշտոնապես չի հաստատել։

Ամերիկյան «Էպիկական ցասում» ռազմական գործողության ընթացքում ամերիկյան ծանր ռմբակոծիչները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից օդ բարձրացող B-1B Lancer-ն ու B-52H Stratofortress-ը, պարբերաբար հարվածներ են հասցրել իրանական ամենակարևոր թիրախներին, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի պաշտպանված տեղակայման, պահպանման և արտադրման վայրերին։ Գործողության ավարտից հետո Մեծ Բրիտանիայից դուրս են բերվել միայն B-52H ռազմավարական ռմբակոծիչները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրն Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը դարձյալ հարվածներ կհասցնեն Իրանին, եթե ընթացիկ բանակցային գործընթացն անարդյունավետ լինի։

«Մենք շատ բովանդակալից բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Եթե դրանք չգործեն, մենք կվերադառնանք շատ հզոր ռազմական գործողությունների», - ասել է Թրամփը։

Այն հարցին, թե որքան ժամանակ է հատկացվում դիվանագիտությանը, ԱՄՆ նախագահը պատասխանել է․ «Քիչ ժամանակ։ Կամ ամեն ինչ արագ կլինի, կամ ոչինչ չի լինի»։

Նա հիշեցրել է, որ ուրբաթ օրը կարգադրել է դադարեցնել Իրանին հասցվող հարվածները, որովհետև Վաշինգտոնի և Թեհրանի շփումներում որպես միջնորդ հանդես եկող երկրները խնդրել էին ևս մեկ շանս տալ դիվանագիտությանը։

Source: https://news.am/hy/news/1052006